Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։


 


«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և ծնողներ,


Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։


 


Սեպտեմբերի 1-ը նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր նպատակներ սահմանելու և կրթության կարևորությունը ևս մեկ անգամ արժևորելու օր է։ Կրթությունն անհատի զարգացման, սեփական ներուժի բացահայտման, ինչպես նաև ազատ, իրավագիտակից և արժանապատիվ հասարակության ձևավորման կարևորագույն հիմքերից է։


 


Յուրաքանչյուր երեխա և երիտասարդ պետք է ունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն՝ անկախ իր առանձնահատկություններից կամ այլ հանգամանքներից։


 


Կրթական միջավայրը պետք է լինի այն տարածքը, որտեղ յուրաքանչյուր սովորող իրեն զգում է ապահով, հարգված և լիարժեք ներգրավված; որտեղ բացառված են բռնությունը, խտրականությունը ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում։


 


Կրթության ոլորտում առանցքային նշանակություն ունի կրթական հաստատություններում երեխայի լավագույն շահի երաշխավորումը, արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև այնպիսի միջավայրի ձևավորումը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր երեխայի ազատորեն զարգացնել իր կարողություններն ու լիարժեք իրացնել կրթության իրավունքը։


Այս գործընթացում անգնահատելի է ուսուցիչների և դասախոսների դերը։ Նրանց ամենօրյա աշխատանքը ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև արժեքներ ձևավորելու, քննադատական մտածողությունը զարգացնելու, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մշակույթն ամրապնդելու կարևոր առաքելություն է։


 


Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, անվտանգ, ներառական և մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության շարունակական զարգացման հարցերը։


 


Համոզված եմ՝ մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքը ձևավորվում է նաև կրթության միջոցով։ Իր իրավունքների մասին իրազեկ, մյուսների իրավունքները հարգող և պատասխանատու անհատն է իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հասարակության կարևորագույն հենասյունը։


 


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։


Մաղթում եմ բոլոր դպրոցականներին և ուսանողներին հետաքրքիր բացահայտումներով, նոր ձեռքբերումներով ու հաջողություններով լի ուսումնական տարի, իսկ ուսուցիչներին և դասախոսներին՝ մասնագիտական նվիրում իրենց կարևոր առաքելության իրականացման ճանապարհին»,- նշված է ուղերձում։


 

Դիտումների քանակ4

Leave a comment