Արթուր Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:

«Պահանջում եմ հերքում, ներողություն և դրամական փոխհատուցում իմ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու և զրպարտելու համար:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթը վերջին տարիներին պարբերաբար փորձում է արատավորել իմ անունը` ինձ վերագրելով առերևույթ հորինված փաստեր:

Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, բայց խոսքի ազատությունը երբեք չի կարող դառնալ մարդկանց զրպարտելու կամ վիրավորելու միջոց»,- գրել է Հովհաննիսյանը:

Նշենք՝ օրաթերթն ավելի վաղ հոդված է հրապարակել «Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. փաստաթուղթ» վերտառությամբ, որում նշել է, թե Հովհաննիսյանը 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից ստացել է տան վարձավճարի փոխհատուցում՝ ամսական 100 հազար դրամ, այն դեպքում, երբ չի համապատասխանել այդ փոխհատուցումը ստանալու օրենքով սահմանված պայմաններին։ 

Leave a comment