Օգոստոսի 30-ի երեկոյան Երևանում հորդառատ անձրևի հետևանքով գրանցվել են ջրալցումներ, մեքենաների արգելափակումներ և էլեկտրական լարերի կարճ միացումներ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքերի վայրեր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի օգնությամբ ճանապարհներից ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։ Միաժամանակ նրանք անձրևաջրերից դուրս են բերել այնտեղ արգելափակված տրանսպորտային միջոցները։