Եղինջը կփրկի հայերին

Մեր երկրում է թունաքիմիկատների կիրառությունը հիմնականում կամայական, ոչ մասնագիտական բնույթի է։ Մարդիկ օգտագործում են գյուղատնտեսական նյութերը՝ առանց բավարար իմացության՝ վնասելով նախ սեփական առողջությունը։ Կան թունաքիմիկատներ, որոնք վտանգում են ոչ միայն տվյալ պահին այն կիրառողի առողջությունը, այլ 20 օրից ավելի պահպանում են տվյալ բույսի վրա իրենց ազդեցությունը՝ այդպիսով գնորդների եւ օգտագործողների համար նույնպես վտանգավոր դառնալով։ Այսպիսի եզրահանգումներ կարելի է անել «Մաքուր» հասարակական կազմակերպության իրականացրած հետազոտություններից։ Հետազոտությունն իրականացվել է Արարատի մարզի տասը գյուղերում՝ 100 ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի եւ աշխատակիցների շրջանում։

Հարցված ջերմոցատերերի 78,2-ը թունաքիմիկատները կիրառում է առանց մասնագիտական դասընթացների, առանց համապատասխան կրթության, հիմնականում կյանքի ընթացքում կուտակած սեփական գիտելիքների հիման վրա (մոտ 52 տոկոս) եւ խորհրդատվությունների։ Խորհրդատվությունները նույնպես մասնագիտական բնույթի չեն․ խորհրդատուներն են՝ թունաքիմիկատների խանութների վաճառողները՝ (51,8 տոկոս)։ Հարցվածների միայն 34 տոկոսն է, որ օգտվում է ինչ-որ կոնկրետ մասնագիտական խորհրդատվությունից, բայց անգամ այդ դեպքերում հստակ չէ մասնագետի որակավորումը։

Հարցվածների մեծամասնությունը կողմ է մասնագիտական դասընթացներ անցնելուն։ Կազմակերպության համակարգող Մկրտիչ Գրիգորյանն Aravօt.am-ի հետ զրույցում ասաց՝ մարդիկ պատմել են, որ թունաքիմիկատների կիրառումից հետո որոշ ժամանակահատված ունենում են տարբեր տեսակի ալերգիկ խնդիրներ, ընդհուպ մինչեւ այրվածքներ, մաշկի եւ աչքերի գրգռումներ։

Նման հետազոտություն իրականացնելու գաղափարն առաջացել է ֆրանսահայ բժիշկ, «Հայմեդ» ասոցիացիայի հիմնադիրներից Ժերար Հովակիմյանի մոտ։ Ասոցիացիան երկար տարիներ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում մարդկանց բժշկական օգնության խնդիրներով է զբաղվում։

Քաղաքի ընտրությունը պատահական չէ․ Ֆրանսիայի Կլամար քաղաքը եւ Արտաշատ քաղաքը արդեն 30 տարի քույր քաղաքներ են եւ տարբեր ոլորտներում համագործակցություն կա։ Մասնագիտական աշխատանքի ընթացքում բժիշկները հասկացել են, որ Հայաստանի այս հատվածում թունաքիմիկատների հետ սխալ աշխատանքի արդյունքում տեղացիները բազմաթիվ  առողջական խնդիրներ են ունենում։ Ուսումնասիրությունները հանգեցրել են նոր գաղափարի՝ նախ Արտաշատում, ապա ամբողջ Հայաստանում «Թունաքիմիկատների գրագետ կիրառումը գյուղատնտեսության մեջ» ծրագիր իրականացնել։ Ծրագրի համակարգողը Սորբոնի համալսարանի ուսանող Վրույր Խլղաթյանն է։

Ծրագրի շրջանակներում օգոստոսի 25-26-ին ֆրանսիացի մասնագետները Արարատի մարզի ջերմային տնտեսությունների սեփականատերերի, աշխատակիցների եւ դպրոցականների հետ թունաքիմիկատների կիրառման երկօրյա մասնագիտական դասընթաց իրականացրեցին մարզպետարանում։ Նաեւ՝ այլընտրանքային միջոցների կիրառման տարբերակներ առաջարկեցին։ Օրինակ, քիմիական տարրերից կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում պարունակող եղինջը, որը աճում է Հայաստանում, կարող է փոխարինել մի շարք թունաքիմիկատների։

Դասընթացի շրջանակներում եղան գործնական պարապմունքներ՝ ջերմատներում սովորեցնելով թունաքիմիկատների հետ «ճիշտ հարաբերվել»՝ սկսած կիրառումից առաջ համապատասխան հանդերձանքի կրումից, վերջացրած այլ պաշտպանիչ միջոցառումների կիրառմամբ՝ ընդհուպ մինչեւ քանի անգամ եւ ինչպես լվացվել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment