Քաղաքականություն
28.08.2026 | 19:55
Սև ծովում, ենթադրաբար, խորտակվել է Svetoslava բեռնատար նավը, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Oxu.Az-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են «Ադրբեջանցի նավաստիների աջակցության» հասարակական միավորումից։
Կազմակերպության տեղեկություններով՝ նավը պատկանում է Cunda ընկերությանը և նավարկում է Պալաուի դրոշի ներքո։ Թուրքական Սամսուն նավահանգստից այն ուղևորվել է դեպի Մոլդովայի Ջուրջուլեշտ նավահանգիստ, սակայն անհայտ պատճառներով խորտակվել է։
Նշվում է, որ նավի վրա եղել են Ադրբեջանի 11 քաղաքացիներ, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ: Ափամերձ պահպանության ուժերի ժամանակին օգնության շնորհիվ բոլոր ուղևորները փրկվել են:
Փրկված նավաստիներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի