Չպայքարելը նշանակում է հաշտուել չլինելու հետ. Լիլիթ Գալստեան. «Ասպարեզ»

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆԻ ՀԵՏ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, «Հայաստան» դաշինքից Հայաստանի Ազգային ժողովի (ԱԺ) պատգամաւոր Լիլիթ Գալստեանը Կալիֆորնիա այցի շրջանակներում այցելեց նաեւ «Ասպարէզ»-ի խմբագրութիւն։

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Հայաստան» դաշինքին ու Դաշնակցութեանն ուղղուած քննադատութիւններ էլ են հնչում առ այն, թէ ինչո՞ւ վայր չէք դնում պատգամաւորական մանդատները (լիազօրութիւնները)։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.– Խորհրդարանը երկրի քաղաքական թիւ մէկ հարթակն է, եւ այն չօգտագործել եւ ընձեռուած գործիքակազմը չկիրառել, որ ներառում է նաեւ արտաքին աշխարհի հետ խօսելու հնարաւորութիւն՝ մենք ճիշդ չենք համարել։ Մանդատը նախ եւ առաջ գործիքակազմ է, ոչ թէ՝ իշխանութիւն։ Կայ նաեւ այն իրողութիւնը, որ ՔՊն ունի սահմանադրական մեծամասնութիւն՝ 71 ձայն եւ մանդատները վայր դնելու արդիւնքում Ազգային ժողովը չէր լուծարուի։ Մենք ԱԺ ամբիոնն ենք օգտագործել որպէս քաղաքական հիմնական հարթակ, միաժամանակ՝ չհրաժարուելով փողոցային պայքարից։

Կրկնուեմ՝ այսօր Փաշինեանի վարկանիշի անկումը` 18-20 տոկոս, պայմանաւորուած է նաեւ ՀՅԴի եւ «Հայաստան» դաշինքի գործունէութեամբ։ Պէտք չէ թերագնահատել մեր պայքարը․ եթէ Հայաստանում այսօր կայ իշխանափոխութիւն պահանջող զանգուած՝ մենք մեծ դերակատարութիւն ունենք այդ հարցում։

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նշեցիք, որ ընտրութիւնների օրը՝ Յունիսի 7ը, վճռորոշ է, իր էութեամբ Սարդարապատի ճակատամարտն է։ Այն պայմաններում, որ Հայաստանում այսօր անթաքոյց եւ կոպտօրէն ոտնահարւում են մարդու իրաւունքներն ու ժողովրդավարական արժէքները, կան բազմաթիւ քաղբանտարկեալներ, արտաքին աշխարհը, ի դէմս Թուրքիայի արտգործնախարարի, աջակցում է Հայաստանի իշխանութիւններին, ինչպէ՞ս է ՀՅԴն տեսնում ելքը, որքանո՞վ է հնարաւոր բեկումն ընտրութիւնների միջոցով։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.– Այլ ելք չկայ, եւ քաղաքական դերակատարութիւնն այլեւս քաղաքական ուժի հերթական գործողութիւն չէ, այլ՝ յանձնառութիւն։ Այո, Հայաստանն օրէց օր խորացող բռնապետութիւն է դառնում՝ մէկ անձի ձեռքում իշխանութեան բոլոր ճիւղերի կենտրոնացումով, գրպանային դատաիրաւական համակարգով, ոստիկանապետութեամբ եւ բռնաճնշումներ իրականացնելու համար անհրաժեշտ ողջ գործիքակազմով։ 2021ից սկսած, Հայաստանի բոլոր ընդդիմադիր շարժումների առաջնագծում միշտ Դաշնակցութիւնն է եղել եւ «վայելել» է այս իշխանութիւնների ռեպրեսիւ (բռնաճնշումի) ողջ գործիքակազմը, ներառեալ քաղաքական բանտարկեալները․ 400ից աւելի դաշնակցականներ անցել են բանտերով, տարաբնոյթ ճնշումների են ենթարկուել, բայց հայոց պետականութեան, մեր ինքնութեան նկատմամբ մեր հաւատամքը եւ քաղաքական առաքելութիւնն այլընտրանք չեն թողնում։ Պետութիւնն ամէն պահի նուիրումի, խիզախումի անսահման ճիգ պահանջող աշխատանք է։ Մենք նահանջելու ճանապարհ չունենք. նահանջելը, լռելը կամ հաշտուելը նշանակում է չլինել։ Մենք այժմ գոյատեւման պայմաններով ենք ապրում՝ պետականութեան հիւծման եւ չգոյութեան։ Եւ ուրեմն, չպայքարելը նշանակում է հաշտուել չլինելու հետ, որի իրաւունքը ո՛չ Դաշնակցութիւնը, եւ ոչ էլ որեւէ հայ ունի։ Այդ պատճառով, եւս մէկ անգամ կրկնում եմ, որ մարտահրաւէրները սոսկ հայաստանեան չեն՝ համահայկական են, եւ միայն համազգային զօրաշարժով է հնարաւոր բեկումը, բայց նաեւ՝ քաղաքական, ռազմավարական, շատ խորքային հաշուարկուած ծրագրով։

Մեր կարծիքով, ընդդիմադիր քաղաքական դաշտում այսօր անյետաձգելիօրէն քաղաքական բիւրեղացման ընթացք պէտք է ապրենք։ Գիտակցում ենք, որ քաղաքական պառակտուածութիւնը, յատկապէս ընդդիմադիր դաշտում, շատ նպաստաւոր չի լինելու նախընտրական գործընթացում, եւ այդ պատճառով, Դաշնակցութիւնը քաղաքական խորհրդակցութիւնների շարք է սկսել ազգային դաշտի քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ՝ առնուազն ձեւաւորելու ընդդիմադիր ՈՉի միասնական ճակատ։ Եւ այսօր, կարող եմ վստահաբար ասել, որ չորս առանցքային խնդիրների շուրջ մեզ յաջողւում է վարել խորհրդակցութիւններ․ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանութիւն, քաղբանտարկեալների պաշտպանութիւն, արտաքին յարաբերական աշխատանքներ, միասնական նախընտրական գործիքակազմերի ապահովում։ Հայաստանում այսօր 40ից աւելի բանտարկեալ ունենք, որոնք համապատասխանում են ԵԽԽՎի քաղբանտարկեալ սահմանման հինգ չափորոշիչներին։

Քաղբանտարկեալների պաշտպանութիւնը ներառում է նաեւ արտաքին ճակատի տարբեր միջազգային կառոյցների, դիտորդական առաքելութիւնների հետ աշխատանք։ Շարունակ պէտք է ներկայացնել, թէ ինչպէս է ժողովրդավարութեան խօսումներով եկած քաղաքական ուժը Հայաստանում ոչ միայն խորացրել կոռուպցիան (զեղծարարութիւնը), այլեւ՝ Հայաստանը վերածել է գիշատիչ բռնատիրութեան, որտեղ չկայ օրէնքի գերակայութիւն, խաթարուած է սահմանադրական կարգը։

Վստահ եմ, որ կը կարողանանք համախոհութիւն ձեւաւորել նաեւ նախընտրական գործընթացների վերահսկողական գործիքակազմերի առումով՝ հնարաւորինս կանխելու նախընտրական կեղծարարութիւնները։ Սռաջիկայ ընտրութիւնները սովորական չեն, խօսքը՝ հայրենիք ունենալու եւ չունենալու մասին է։ Կարծում եմ, որ ողջ հայութիւնը պէտք է պատրաստուի, որովհետեւ սա ճամփաբաժան է՝ մինչեւ 2026ի Յունիսի 7ը եւ դրանից յետոյ։ Հայաստանի առաջիկայ ընտրութիւնները՝ որպէս հաւաքականութիւն մեր արժանապատուութեան, ինքնութեան, մեր պատուի շրջադարձային կէտն է։

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Հայաստանի եւ Միացեալ նահանգների միջեւ վերջին շրջանի իրողութիւններից է եւ ներկայի իշխանութիւնների կողմից ձեռքբերում է համարւում ԹՐԻՓը (TRIPP)։ Որքանո՞վ է այս նախագիծն արդիւնաւէտ Հայաստանի համար։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.– ԹՐԻՓը աշխարհաքաղաքական նոր վերադասաւորման եւ Հարաւային Կովկասում Ամերիկայի ռազմաքաղաքական դիրքաւորման պարունակում պիտի գնահատել։ ԹՐԻՓը յստակօրէն խոցելի է այն առումով, որ չունի իրաւական, եւ ամենակարեւորը՝ անվտանգային բաղադրիչ։ Յստակ է, որ ԹՐԻՓը հարցականի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանութիւնը, որովհետեւ, ամբողջականօրէն յստակ չէ, թէ այդ միջանցքի (այս բառն է գործածւում փաստաթղթում) վերահսկողութիւնն ինչպիսին է լինելու, եւ դա ենթադրելու է այդ տարածքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանութեան կորուստ։

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment