Վարույթ իրականացնող մարմինները նախապես չեն տեղյակ պահում անձին՝ իր տանն իրականացվելիք խուզարկության մասին. Տիգրան Գալստյանի պաշտպան

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր ընթացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ «Այս պահին մի խնդիր ունենք՝ մեղադրյալներից Տիգրան Գալստյանը (լուսանկարում) չի ներկայացել դատական նիստին»,- ասաց դատավոր Ֆարխոյանը։ Ապա հետաքրքրվեց պատճառի մասին։ Նրան տեղեկացրին, որ Տիգրան Գալստյանի տանը խուզարկություն է ընթանում, և հետագա ընթացքի մասին էլ տեղեկություններն անհայտ են։

«Նոր կարգավորումները նման բացառություն չեն ընձեռում՝ մեղադրյալի բացակայության պայմաններում նրա կարծիքը չլսելով և քննության առարկա չդարձնելով դատական նիստը շարունակելը»,- ասաց դատավորը։ Նա տեղեկացրեց, որ պաշտպանական կողմի միջնորդությամբ դատական նիստին հրավիրվել են նաև փորձագետներ, որպեսզի փորձաքննության եզրակացության հետ կապված հնարավոր լիներ հարցեր ուղղել։

Մեղադրանքի կողմը նշեց, որ մեղադրյալի չներկայանալու հետ կապված դատարանին տեղյակ չի պահվել, և առերևույթ այդ վարքագիծը կարող է որակվել ոչ հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ. «Այդուհանդերձ, քանի որ չգիտենք պատճառների մասին, չեմ շտապի գնահատական տալ չներկայանալու պատճառների հետ կապված, բայց դատական նիստը չի կարող շարունակվել, նաև չկա որևէ ընթացակարգ, որը հնարավորություն կտա առանց մեղադրյալի անձամբ ներկայացված միջնորդության՝ քննարկել նիստը իր բացակայությամբ շարունակելու հարցը»։

Հանրային մեղադրողը նաև հավելեց, որ հաջորդ նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար հարկ կլինի, որ դատարանը մեղադրյալին հարկադրաբար դատարան ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնի։

Տիգրան Գալստյանի պաշտպանն ասաց, որ չի պատկերացնում իրավիճակ, երբ վարույթ իրականացնող մարմինները անձին նախապես տեղյակ են պահում իրենց տանը իրականացվող խուզարկության մասին, որի վերաբերյալ անձը կարող է տեղյակ լինել և նախապես զգուշացնել դատարանին. «Ըստ էության, ներկա պահին խուզարկություն է իրականացվում։ Տիգրան Գալստյանը երբևէ այնպիսի վարքագիծ չի դրսևորել արդեն բավականին երկար ժամանակ ձգվող դատաքննության ընթացքում, որպեսզի կասկած ունենանք նրա վարքագծի ոչ բարեխիղճ կամ ոչ օրինաչափ լինելու վերաբերյալ։ Ուստի կարծում եմ՝ բերման ենթարկելու որոշում այս պահին չունենք, իսկ հարգելիության հարցը կարող ենք քննարկել հետագայում՝ իր ներկայությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Մեղադրանքի կողմն այնուամենայնիվ պնդեց, որ Տիգրան Գալստյանը տեղյակ է եղել, որ չի կարողանալու ներկայանալ դատական նիստին, հետևաբար դատարանին կարող էր տեղյակ պահել նախապես և ոչ թե պաշտպանի միջոցով։ Պաշտպանն էլ հավելեց, որ դեռ պետք է հասկանալ՝ արդյոք Տիգրան Գալստյանը կապի միջոցների հասանելիություն ունե՞ր խուզարկության ժամանակ։

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։

Նիստն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment