Nike-ի (NKE) բաժնետոմսերը տարեսկզբից էժանացել են ավելի քան 39%-ով՝ Jordan ապրանքանիշի վաճառքների անկման, ուժեղ մրցակցության և Չինաստանում բիզնեսի ճնշման ֆոնին։
Bloomberg-ի հաշվարկներով՝ ընկերության բաժնետոմսերը կարող են գրանցել 1993 թվականից ի վեր վատագույն տարեկան արդյունքը։ Եթե 2026 թվականը ևս ավարտվի անկմամբ, դա կլինի նվազման հինգերորդ անընդմեջ տարին։
Օրերս Նյու Յորքի ֆոնդային բորսայում Nike-ի բաժնետոմսերը նվազել են 2.25%-ով՝ մինչև 38.59 դոլար, իսկ օրվա ընթացքում հասել են 38.41 դոլարի՝ ամենացածր մակարդակին 2014 թվականից ի վեր։
Ընկերությունը ճնշման է բախվում On Holding-ի, Deckers Outdoor-ի Hoka ապրանքանիշի և այլ մրցակիցների կողմից։ 2024 թվականի վերջին գործարկված «Win Now» վերակառուցման ծրագիրը դեռ չի ապահովել վաճառքների կայուն վերականգնում կամ շուկայական մասնաբաժնի նկատելի բարելավում։
Aptus Capital Advisors-ի պորտֆելային կառավարիչ Դեյվիդ Վագների խոսքով՝ Nike-ը դիրքեր է զիջել ավելի ճկուն մրցակիցներին, իսկ նոր արտադրանքի շարքը չի հասցրել շուկայի տեմպին։ Zacks Investment Management-ի Բրայան Մալբերին էլ կարծում է, որ բիզնեսի շրջադարձի համար կարող է պահանջվել ևս երեքից չորս եռամսյակ։
Ուոլ Սթրիթում Nike-ի վերաբերյալ գնահատականները բաժանված են․ 16 վերլուծաբան խորհուրդ է տալիս գնել բաժնետոմսերը, 24-ը՝ պահել, իսկ 4-ը՝ վաճառել։ Միջին նպատակային գինը ենթադրում է մոտ 28% աճ մեկ տարվա հեռանկարում։