Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Միջազգային առողջապահական կանոնների արտակարգ կոմիտեն օգոստոսի 18-ին երկրորդ անգամ քննարկել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում (ԿԺՀ) Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ԱՀԿ-ն հրապարակել է լրամշակված ժամանակավոր առաջարկություններ՝ ուղղված համաճարակի վերահսկմանը և հիվանդության միջազգային տարածման ռիսկի նվազեցմանը։
Ի՞նչ իրավիճակ է ներկայում
Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համայնքային փոխանցումը ներկայում շարունակվում է միայն Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։
Օգոստոսի 25-ի դրությամբ Կոնգոյի Ժողովրդավարարական Հանրապետությունում գրանցվել է էբոլայի՝ 5656 հաստատված դեպք, 2715 հաստատված մահ, Ուգանդան հայտարարել է իր տարածքում բռնկման ավարտի մասին։ Այլ երկրներում Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համայնքային փոխանցում ներկայում չի արձանագրվում։
ԱՀԿ-ն ԿԺՀ-ում հիվանդության տարածման ռիսկը գնահատում է շատ բարձր, իսկ ԿԺՀ-ին սահմանակից երկրների համար՝ բարձր։
Բարձր ռիսկի խմբում են Անգոլան, Բուրունդին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Հանրապետությունը, Ռուանդան, Հարավային Սուդանը, Տանզանիան, Ուգանդան և Զամբիան։
Ի՞նչ ռիսկ կա Հայաստանի համար
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ ԿԺՀ-ին չսահմանակցող մյուս պետությունների համար ռիսկը գնահատվում է ցածր։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության համար ևս Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության տարածման ռիսկը գնահատվում է ցածր։
Ի՞նչ է խորհուրդ տրվում ճանապարհորդությունների դեպքում
ԱՀԿ-ն ներկայում չի առաջարկում դադարեցնել չվերթները Էբոլա Բունդիբուգյո վիրուսի համայնքային փոխանցում ունեցող երկրից կամ մերժել այդ երկրից ժամանող ճանապարհորդների և տրանսպորտային միջոցների մուտքը։
Միաժամանակ խորհուրդ է տրվում խուսափել ոչ անհրաժեշտ ճանապարհորդություններից այն տարածքներ, որտեղ առկա է հիվանդության համայնքային փոխանցում։
Ինչպե՞ս է փոխանցվում Էբոլան
Էբոլան չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով սովորական շփման ընթացքում։
Վարակը կարող է փոխանցվել վարակված անձի արյան կամ այլ կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման, ինչպես նաև դրանցով աղտոտված առարկաների և մակերեսների հետ շփման հետևանքով։
Կարևոր է հիշել․ հիվանդությամբ վարակված անձը վարակիչ է դառնում ախտանշանների ի հայտ գալուց հետո։
ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և ԱՀԿ-ի թարմացված առաջարկություններին։
ՀՎԿԱԿ-ը հորդորում է հետևել պաշտոնական տեղեկատվությանը և Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համայնքային փոխանցում ունեցող տարածքներ ուղևորություն նախատեսելիս հաշվի առնել առկա համաճարակաբանական ռիսկերը։ Այդ տարածքներից վերադառնալուց հետո 21 օրվա ընթացքում առողջական գանգատների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և տեղեկացնել վերջին ուղևորության մասին։