Նեպալում և Տիբեթում աղետալի ջրհեղեղից հետո անհետ կորածների թիվը հասնում է շուրջ 1,500-ի, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Աղետի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 165 մարդ, հայտնում են իշխանությունները, գրում է The Guardian-ը։
Փրկարարներն անհետ կորածներին որոնում են լեռնային շրջանում, որը հայտնի է արշավների և ուխտագնացությունների համար։ Անհետ կորածների թվում են Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Կանադայի հարյուրավոր քաղաքացիներ։
Նեպալում հեղեղը շրջել է բեռնատարներ, քշել տներ, ճանապարհներ, վնասել էներգետիկ ենթակառուցվածքներ։ Տիբեթի պաշտոնյաները հայտնել են, որ սահմանային անցակետում սելավից հետո «մեծաթիվ զոհերի» մտավախություն ունեն։
Նեպալի ոստիկանության և զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների տվյալներով՝ անհետ կորած 826 մարդկանցից գրեթե 600-ն օտարերկրացիներ են։
Չինաստանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սահմանակից Տիբեթից անհետ կորած է համարվում առնվազն 558 մարդ, որոնցից շուրջ 260-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան 165 մարմին է հայտնաբերվել:
Զոհերի մեծ մասն ուխտագնացության էր մեկնում Կայլաշ Մանսարովար՝ Տիբեթում գտնվող բարձրլեռնային վայր, որը մեծարվում է հինդուների և բուդդիստների կողմից։ Նեպալի պաշտոնյաների նախնական հաղորդագրություններում ենթադրվում էր, որ շրջանում տեղի ունեցած երկրաշարժը կարող էր առաջացնել սառցադաշտի ստորին հատվածի փլուզում և հանգեցնել ջրհեղեղների։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), սակայն, ավելի ուշ հայտնել է, որ ի սկզբանե որպես 4,4 մագնիտուդով երկրաշարժ ներկայացված երևույթն իրականում սառցադաշտային ժայռերի և սառույցի փլուզման, ինչպես նաև բեկորների հոսքի հետևանքով առաջացած սեյսմիկ ցնցում էր, երկրաշարժ տեղի չի ունեցել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի թիմերը և գործընկերները Նեպալում մոբիլիզացնում են պաշարներ և անձնակազմ՝ աղետից տուժած համայնքներին աջակցելու համար: ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ կտրամադրի 500,000 դոլար արտակարգ օգնություն։
Ավելի ուշ Նեպալի զբոսաշրջության խորհուրդը հայտնել է, որ 517 օտարերկրացի շարունակում է կապի դուրս չգալ Տիբեթի հետ սահմանամերձ շրջանում մահաբեր ջրհեղեղից ավելի քան 24 ժամ անց։ Անհետ կորածների թվում են Հնդկաստանից 178, ԱՄՆ-ից 65, Ուկրաինայից 53, Մալայզիայից 51, Ավստրալիայից 35, Մեծ Բրիտանիայից 33 և Կանադայից 25 մարդ։ Բացի այդ, կան Սինգապուրից 9, Գերմանիայից 8 և Ռուսաստանից 8 մարդ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի