Կառավարությունը 675 միլիոն դրամի պարտավորությունից կազատի Սուքիասյաններին պատկանող ընկերությանը

Կառավարությունը Սուքիասյաններին պատկանող «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը նախատեսում է տրամադրել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն։ Ընկերությանը մոտ 675 միլիոն դրամի մաքսատուրք վճարելու պարտավորությունից ազատելու նախագիծը կառավարության այսօրվա չզեկուցվող հարցերի մեջ է:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ»-ը նախատեսում է նավթավերամշակման ոլորտում իրականացնել շուրջ 13.5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր։

Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է հումքի ձեռքբերում և նավթամթերքների արտադրության զարգացում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և բարձր արտադրողականությամբ սարքավորումներ։

Ծրագիրն իրականացվելու է Արարատի մարզում։ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ»-ը հիմնադրվել է 1998 թվականին և ներկայումս ունի 55 աշխատակից՝ շուրջ 560 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 60-ի։

Ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 13.5 մլրդ դրամ, իսկ դրանց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության գնահատված չափը՝ 675 մլն դրամ։

Ընկերության ներկայացրած հայտը բավարարելու դեպքում արտոնությունը կնպաստի Հայաստանում նավթավերամշակման արտադրության զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, տեղական արտադրության և արտահանման խթանմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Նշվում է, որ ներմուծվող ապրանքները չեն ձեռք բերվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն համապատասխանում ընկերության տեխնիկական պահանջներին։

Նախագիծը, ըստ հիմնավորման, բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մշակող արդյունաբերություն» ուղղությունից։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ «Հրապարակի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment