Կառուցված ջրամբարը և ոռոգման համակարգը ջրի աղբյուր կդառնա Սոթքի ավելի քան 800 բնակիչների համար
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, գործընկեր կազմակերպությունների և համայնքի անդամների հետ միասին, այսօր ազդարարեց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ոռոգման համակարգի պաշտոնական բացումը։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և «Հայկը՝ մեր հերոսների համար» ՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ և կարևոր ներդրում է տեղական գյուղատնտեսության զարգացման և համայնքի դիմակայունության ամրապնդման գործում։
Ոռոգման նոր համակարգը մարզում գյուղատնտեսական արտադրության խթանմանն ու դիմակայունության ամրապնդմանն ուղղված լայնածավալ ջանքերի մի մասն է։ Ծրագրի շրջանակում կառուցված 4,400 խորանարդ մետր տարողությամբ ջրամբարը և 6,2 կմ երկարությամբ ոռոգման համակարգը ջրի հուսալի աղբյուր կդառնա Սոթքի ավելի քան 800 բնակիչների համար։ Ջրի հասանելիության բարելավման շնորհիվ համայնքի բնակիչներն առավել արդյունավետ կօգտագործեն վարելահողերը, ինչը կխթանի տեղական սննդամթերքի արտադրությունն ու կբարձրացնի բարեկեցության մակարդակը՝ նպաստելով համայնքի երկարաժամկետ դիմակայունությանը։
Ինչպես նշեց Հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ տիկին Լեյլա Մելիուն․ «Այս բացումը կարևոր քայլ է գյուղական համայնքների դիմակայունության ամրապնդման գործում և հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես գործընկերությունն ու տեղական կարողությունների զարգացումը կարող են բարելավել ապրուստի միջոցները, խթանել գյուղատնտեսական արտադրողականությունը և կայուն հնարավորություններ ստեղծել համայնքների համար։ ՊՀԾ-ի մեր առաքելությունը չի սահմանափակվում ենթակառուցվածքների փոխանցմամբ․ մենք կիսվում ենք հմտություններով ու փորձառությամբ՝ ապահովելով անհրաժեշտ փորձի և գիտելիքի ներդրումը համայնքներում։ Սա համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն առաջնորդել և կառավարել իրենց զարգացման գործընթացը, ինչպես նաև ապահովել դրա կայունությունը նույնիսկ այն դեպքում, երբ մեր անմիջական ներգրավվածությունն այլևս չի լինի»:
Կարևորելով այս ոռոգման համակարգի դերը Սոթքի գյուղատնտեսության զարգացման հարցում՝ Գեղարքունիքի մարզպետ պարոն Կարեն Սարգսյանն ընդգծեց․ «Այս տարածաշրջանում ոռոգման ջրի ռեսուրսը սահմանափակ է։ Ջրամբարի շնորհիվ գիշերային ժամերին ջուրը կկուտակվի և օրվա ընթացքում կբաշխվի գյուղացիներին՝ դառնալով ոռոգման օժանդակ ու վստահելի աղբյուր»։
Միջոցառմանը մասնակցում էին պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ՏԻՄ գործընկերներ, ինչպես նաև ՊՀԾ հայաստանյան գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել [email protected] էլեկտրոնային հասցեով։
Հետևեք ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքային էջին՝ @WFPinarmenia, անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում գործում է 1993թ․-ից: Ներկայումս նրա ուշադրության կենտրոնում է գտնվում ազգային պարենային անվտանգության ամրապնդումը, արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունության բարձրացումը և կառավարությանը մինչև 2030թ․սովի վերացմանը հասնելու գործում աջակցությունը:
Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որն իրականացնում և աջակցում է դպրոցական սննդի ծրագրերին: Այս նախաձեռնություններն այժմ ճանաչվում են որպես աշխարհի ամենաարդյունավետ սոցիալական անվտանգության ցանցերից մեկը, որ կենսական նշանակություն ունի միլիոնավոր երեխաների կյանքում: 2024թ․ դրությամբ աշխարհում մոտավորապես 466 միլիոն երեխա ստանում է դպրոցական սնունդ, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2020թ․: 2024թ․ ՊՀԾ-ն ուղղակի սնունդ, սննդի փաթեթներ կամ դրամական փոխանցումներ է տրամադրել 61 երկրի շուրջ 20 միլիոն դպրոցականի: ՊՀԾ-ն աջակցում է 74 երկրների կառավարություններին՝ ազգային ծրագրերի միջոցով ևս 139 միլիոն երեխայի աջակցություն ցուցաբերելու համար: