ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց պատասխանատվությունից ազատող նախագիծը

27-ից 37 տարեկան, ծառայությունից խուսափած քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ծառայության և/կամ վճարման դիմաց։

Ազգային ժողովը 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։

Նոր նախագիծն առաջարկում է հստակ սանդղակ. քաղաքացին կարող է ծառայել 2 տարի՝ անվճար, կամ ընտրել ավելի կարճ ժամկետ (1 տարի, 6 ամիս կամ 1 ամիս)՝ համապատասխանաբար վճարելով 2,5-ից 10 մլն դրամ: Սահմանվել է նաև առանց ծառայության տարբերակը՝ 15 մլն դրամ վճարի դիմաց: Նպատակը մարդկանց հայրենիք վերադարձնելն ու պահեստազորը համալրելն է։

Ըստ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանի՝ նախագծի ընդունումը թույլ կտա համալրել պահեստազորը, վերականգնել քաղաքացիների կապը Հայաստանի հետ և կրճատել հետախուզվող անձանց հայտնաբերման ու դատապարտման ուղղությամբ իրավապահ և դատական մարմինների կողմից ծախսվող միջոցները։

Սարգսյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջին ամսական ծախսը կազմում է 437,900 դրամ, և եթե բոլոր 1200 անձինք դատապարտվեն 3 տարի ժամկետով, պետությունը նրանց անազատության մեջ պահելու համար ստիպված կլինի ծախսել շուրջ 19 մլրդ դրամ։

The post ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց պատասխանատվությունից ազատող նախագիծը appeared first on CIVILNET.

Leave a comment