ՊՆ-ից ասում էին՝ հակագազով չեն եղել զինվորները։ Թաղման օրը անզեն աչքով էլ վրաերթի զոհ դարձած Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը։ Անգամ վթարի ականատես գյուղացիներն են նշել, որ վթարից անմիջապես հետո հակագազերը հանել են զինվորների գլխներից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Բլոգնյուզ»-ի գլխավոր խմբագիր Արամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը, ով նախ տարկետում էր ստացած եղել 1 տարով, ապա սահմանափակումներով զորակոչվել էր բանակ, փաստացի «պատժվել» է իր առողջության համար խիստ վտանգավոր եղանակով, և, ենթադրաբար, հենց առողջական վիճակով էլ պայմանավորված վերջինն է վազել և բեռնատարի հարվածը հենց իր վրա է վերցրել։
«7 օր է անցել հանցավոր միջադեպից, երբ պետությանը վստահված զինվորին երեկոյան ժամին հանել են զորամասի տարածքից դուրս, չլուսավորվող ճանապարհ ու պատժելու նպատակով առողջական սահմանափակում ունեցող առվանզ 2 զինվորի ստիպել վազել։ 7 օր անց ինչ-որ շտաբի պետի են ձերբակալել։ Երեկ ծնողները վրդովված հարցազրույց տվեցին, այսօր նո՜ր տեղներից իրար եկան, բայց գրեթե վստահ եմ, որ պատժվելու է միայն բեռնատարի վարորդը։ Դե դեմից արդեն հերքել էին՝ հակագազով չեն եղել…
Դե սա էլ հո ընդդիմադիր մեկը չի, որ գիշերով խուզարկության ակտ մակագրեին, 19 տարի առաջ մահացած մարդու վրա քրգործ հարուցն, ու 24 ժամ չանցած մարդ կալանավորեն՝ 20 տարի առաջ ստորագրած ինչ-որ թղթերի համար։ Զինվոր ա էլի, մեկը էն հազարներից, որոնց գլուխը կերան ու մնացին անպատիժ»,-գրել է Գևորգյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զինվորի։ Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանն էր։
Վիրավորներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։
Դեպքից անմիջապես հետո ձերբակալվել էր վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն էր։
News.am