«Խուստուփ լե՜ռը: Այդ հպարտ հսկային էր վիճակված մեր լեռնաշխարհի ազատության ու փառքի խորհրդանիշը լինելու»։
Գ․ Նժդեհ
«Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար»․ այս նշանաբանով Նժդեհն ու իր զինվորները 1920թ․ օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղում երդվեցին կռվել հայրենիքի համար, քանի ողջ են։ Այսպիսով հիմնվեց «Դավիթբեկյան ուխտեր»-ը։ Սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան 140 և Դավիթբեկյան ուխտերի 120 ամյակին էր նվիրված օգոստոսի 22-23-ին տեղի ունեցած ուխտագնացությունը Նժդեհյան սրբավայրեր և խորհրդանշական վերելք Խուստուփի գագաթ։ «Միասնության դրոշ» նախաձեռնության համակարգող Արա Շահինյանն էր կազմակերպել ուխտագնացությունը, որն սկսեցինք Երևանից՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտից։
Այստեղ Ա․ Շահինյանը հակիրճ ներկայացրեց Նժդեհի և Դավիթբեկյան ուխտերի մասին։ Ասաց․ «Դավիթբեկյան Ուխտերի կազմավորումն ու գայլավաշտերի ստեղծումը հիմք դարձան բոլշևիկաթրքաթաթարական զավթիչների կողմից գրավված ողջ Սյունիքը հային վերադարձնելու՝ Գարեգին Նժդեհի ու իր զինակիցների վերմարդկային պայքարին ու հաղթանակին»։
Հաջորդ կանգառը կայացավ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում, որտեղից արդեն ամենագնացներով ուղևորվեցինք Սպիտակավոր եկեղեցի։ Նշեմ՝ այցի օրը բարեկարգվում էր Սպիտակավոր տանող ոլորապտույտ մոտ 9 կմ ճանապարհը։ Եկեղեցու հարավային պատի տակ է ամփոփված Գ․ Նժդեհի աճյունը։
Ա․ Շահինյանը և պատմաբան Գոռ Ղազարյանը տեղեկություններ տվեցին՝ ինչպես է Սպարապետի աճյունը 1983թ․ Վլադիմիր քաղաքի բանտային գերեզմանոցից Պավել Անանյանը (Նժդեհի թոռնուհու ամուսինը) տեղափոխել Երևան։ 3 տարի Սպարապետի նշխարները մնացել են Վարագ Առաքելյանի տան նկուղում։ Նույն 1983-ի հոկտեմբերի 6-ի գիշերը Վարագ Առաքելյանը, Արցախ Բունիաթյանը, Ժորա Բարսեղյանը, Գարեգին Մխիթարյանը, Գուրգեն Արմաղանյանը, Անդրանիկ Կարապետյանը Բաղաբուրջ գյուղի բնակիչ Ստեփան Կարապետյանի «Վիլիս» մեքենայով գաղտնի Նժդեհի մասունքներից ողը տարել են Խուստուփի լանջում գտնվող Կոզնի աղբյուր և ամփոփել դրա մոտ։
Երբ բնակվում էի Բերձորում, հաճախ էի շփվում այդ նվիրյալներից Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր ու գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանի հետ, որը նաև գրել է «Նժդեհի վերադարձը» գիրքը։ Արցախ Բունիաթյանն ասում էր՝ երդվել էին՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 6-7-ին այցելել իրենց հիմնած սրբավայրը: Ստեղծել էին իրենց թևավոր խոսքը. «Եթե չգանք, ուրեմն չկանք..»: Յուրաքանչյուր տարի նույն հոկտեմբերի 7-ին Արցախի և այլ ուխտավորների հետ այցելում էինք Նժդեհի Խուստուփյան սրբավայր։
Այստեղ Արցախը պատմում էր․ «Գիշերվա կեսին Խուստուփի լանջով մեկ տարածվել էր Աթանաս վարդապետի ձայնը. շարական էր երգում, երբ հուղարկավորում էինք Նժդեհի ողը»։ Այսօր միայն Ժորա Բարսեղյանն է ողջ այդ նվիրյալներից, սակայն սրբավայր այցելուների թիվն ավելացել է:
Արցախը պատմում էր նաև, թե ինչպես են 3 տարի զորավարի նշխարները գաղտնի պահել Վարագ Առաքելյանի տանը, հետո՝ 1986թ․ հունիսի 16-ին տեղափոխել ու ամփոփել Սպիտակավորում՝ մի կերպ խուսափելով ՊԱԿ-ի հետապնդումից։
Այսպիսով Սպիտակավոր վանքի տարածքը դարձել է նաև Նժդեհյան սրբավայր, և յուրաքանչյուր ապրիլի 24-ին ու հունիսի 16-ին մեծ թվով մարդիկ են ուխտի գալիս։ Նժդեհի շիրիմին տեղի ունեցավ խնկարկում։
Դեպի Կապան ճանապարհին եղավ այցելություն նաև Բաղաց թագավորության նշանավոր Որոտնավանք, որի հիմնանորոգումը մոտենում է ավարտին։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք՝ Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա՝ Որոտնա ամրոցի դիմաց։
Երեկոյան մթնշաղին Կապանից ամենագնաց և բեռնատար «Զիլ» մեքենաներով, անտառապատ ու քարքարոտ ճանապարհով բարձրացանք Խուստուփի լանջերին գտնվող վրանատեղի։ Ինչ խոսք, ցանկացած նման արշավի կարևոր մասը խարույկն է։ Գիշերակացը կարճ է տևում․ լույսը չբացված՝ լապտերներով լուսավորելով դեպի լեռան գագաթ տանող արահետը, ընկանք ճամփա։ Իհարկե, մեզանից առաջ արդեն մի քանի խումբ ճանապարհին էին։ Մթության մեջ լապտերների լույսերն էին առկայծում։ Դժվար է վերելքը դեպի Խուստուփի գագաթ, բայց ուխտագնացը չպետք է վախենա դժվարություններից։
Ուխտագնացության մասնակիցներս տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության տեր էինք, բայց կար նպատակ՝ ոգեկոչել Զորավար Նժդեհի և Լեռնահայաստանի Դյուցազնամարտի անմահ նվիրյալների անմար հիշատակը:
Ճանապարհին Գ․ Ղազարյանն ասաց․ «Բազմաթիվ թելերով են կապված Խուստուփը և Զորավարը։ Գ. Նժդեհը Խուստուփը ներկայացնում է որպես Սյունիքի դիմադրության հավաքական խորհրդանիշ։ Այն հանդիսանում է Սյունիք-Լեռնահայաստանի պատմական հիշողության, հերոսական պայքարի և ազգային անմահության խորհուրդը։ Գ. Նժդեհը Խուստուփին վերագրում է սրբազան նշանակություն՝ կապելով այն հայ ժողովրդի փրկության, ազգային միասնության և գալիք հաղթանակների հետ։ Պատահական չէ, որ զորավարը ժողովրդին պատգամում է իրեն թաղել Խուստուփի ամենաբարձր կատարին»։
Վերջապես Արևը ողջունեց, ու իր ողջ գեղեցկությամբ ներկայացավ Խուստուփի շրջակայքը։ Հյուսիսարևելյան կողմում Կապան քաղաքն է։ Երևում են նաև հարակից բնակավայրերը։ Հեռվում՝ հարավարևելքում, նշմարվում է Արաքսի ջրամբարը։ Մի քանի ժամ տևեց վերելքը, մինչև հասանք Խուստուփի արդեն ժայռեղեն կատարի տակ։
Ժայռերի միջից հայտնվեցին նաև 3 քարայծ՝ երկուսը մեծ՝ մեկը՝ փոքր։ Զգացվում է՝ հաճախ են շփվել մարդկանց հետ ու չէին վախենում։ Լեռան գագաթին արդեն այլ է․ ողջ տարածքն աչքիդ առաջ է։ Ժայռեր են ու ժայռեր գագաթին, ներքևում 2 քարանձավ կա։
Մեր խմբից քանոնահար Նարեն, որն ուխտի էր եկել ծնողների ու Նարեկ եղբոր հետ, լեռան գագաթ հանեց իր երաժշտական գործիքը ու նվագեց։ Բացառիկ երևույթ․ ծովի մակերևույթից 3200 մետր բարձրության վրա՝ կարմրավուն ժայռերի տակ՝ Հայոց Եռագույնը թիկունքում, դեռատի Նարեն, քարին նստած, նվագում է։ Քամուն զուգընթաց՝ հնչում է հայ ժողովրդական «Սարերի հովին մեռնեմ» երգի երաժշտությունը»։
Իջնելով՝ Լեռան ժայռեղեն գագաթից՝ լուսանկարիչ Սուրեն Արենց Սիմոնյանի հետ բարձրացանք Նժդեհի կիսանդրու մոտ։ Այստեղ էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած քաջորդիներից Նորայր Ավագյանը, որը մեր խմբի կազմում էր, սակայն լեռան գագաթ էր բարձրացել ամենագնացով։ 20-ից ավելի մարդ կար մեր խմբում, շատերս՝ անծանոթ։ Սակայն բաժանվեցինք արդեն հարազատացած։
Զոհրաբ Ըռքոյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: