Պիտի նստեն, պիտի փող չունենան, ես միամիտ չեմ, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործողությունների մասին։
Նիկոլ Փաշինյանն իհարկե միամիտ չէ։ Կամ, եթե անգամ միամիտ է, ապա միայն Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցող պրոցեսների շրջանակում, որտեղ գործող աշխարհաքաղաքական շնաձկների միջավայրում Նիկոլ Փաշինյանը բավականին համեստ է եւ զուսպ։
Հայաստանի ներսում նա միամիտ չէ եւ այդ առնչությամբ՝ միամիտ է պարզապես դույզն- ինչ կասկածելը։ Փոխարենը, նա շարունակում է իր ներքաղաքական եւ իշխանական դիրքերի պահպանման գլխավոր խաղադրույքը կատարել միամիտների վրա, որոնք պատրաստ են ֆիզիկականից մինչեւ հոգեւոր բավարարվածության զգացումով ըմբոշխնել այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է, այսպես ասած՝ նախկինների հանդեպ։ Ու քանի որ այդ իրական միամիտների, կամ՝ համոզված միամիտների թիվը բավականին մեծ է, Փաշինյանը շարունակում է հենց դրա վրա անել իր գլխավոր քաղաքական խաղադրույքը։
Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ է խաղում Փաշինյանը հիմա, երբ ԱԺ ամբիոնից կառավարության ծրագիրը ներկայացնելիս, խաղադրույքը կատարում է հերթական անգամ։ Դա պրոֆիլակտիկա՞ է՝ մարզավիճակի մեջ մնալու համար, թե՞ Նիկոլ Փաշինյանի հերթական խաղադրույքն այն մասին է, որ նա մտել է քաղաքական նոր «խաղատուն»։ Խնդիրն այն է, որ այդ դեպքերում, ինչպես ցույց է տվել փորձը, Նիկոլ Փաշինյանը փորձում է «նախկինների» թեմայով տաքացնել իր ընտրազանգվածը, ապահովել հանրության՝ թամաշասեր շերտերի տեսարանային պահանջարկը, զուգահեռ՝ նախկին–ներկա խաղարկման հերթական բուռն դրսեւորումներով մեծացնել քաղաքական պրոցեսներից հիասթափվող հանրային շերտերի շրջանակը, որպեսզի մարսի այն հնարավոր կորուստները, որ ամեն անգամ լինում է, երբ Նիկոլ Փաշինյանը «ավանդական խաղադրույքով» մտնում է աշխարհաքաղաքական «խաղատուն»։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: