Volkswagen-ի ղեկավարը հայտարարել է ընկերության պատմության ամենամեծ ճգնաժամի մասին

Volkswagen-ի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեն զգուշացրել է, որ կոնցեռնը հայտնվել է «ավելի քան ծայրահեղ իրավիճակում»։ Առաջիկա օրերին նա արհմիություններին կներկայացնի ծախսերի կրճատման նոր ծրագիր, որը, հավանաբար, նախատեսում է աշխատատեղերի լայնածավալ կրճատումներ։

Տեղեկությունը հրապարակել է գերմանական Wirtschaftswoche շաբաթաթերթը։

Volkswagen-ի գործերը վատթարանում են։ Ընկերության ներքին ցանցում հրապարակված տեսաուղերձում գերմանական ավտոարտադրողի ղեկավար Օլիվեր Բլյումեն օգոստոսի 23-ին հայտարարել է, որ կոնցեռնը գտնվում է «ավելի քան ծայրահեղ» իրավիճակում։ Նրա խոսքով՝ Volkswagen ապրանքանիշը, ինչպես նաև ամբողջ ավտոմոբիլային ոլորտը, համաշխարհային անբարենպաստ տնտեսական պայմանների և չինական մրցակցության պատճառով անցնում է «իր պատմության ամենամեծ փոթորկի» միջով։

Այս հայտարարությունը հնչել է չափազանց լարված իրավիճակում։ Ավտոկոնցեռնը քննարկում է զանգվածային կրճատումների հնարավորությունը, իսկ առաջիկա օրերին Օլիվեր Բլյումեն նախատեսում է հանդիպումներ ունենալ աշխատակիցների ներկայացուցիչների հետ Volkswagen-ի Վոլֆսբուրգի կենտրոնակայանում, ինչպես նաև Ցվիկաուի և Էմդենի արտադրական հարթակներում՝ ընկերության ծրագրերը վերանայելու և թարմացնելու նպատակով։

Աշխարհի մեծությամբ երկրորդ ավտոարտադրողի ղեկավարը նշել է, որ գործարաններ փակելու մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողը բախվում է նաև Եվրոպայում գերարտադրության խնդրին․ տարեկան արտադրվում է պահանջարկից մոտ 500 հազար ավտոմեքենա ավելի։

Գործարանների փակումը շարունակում է մնալ «վերջին և ամենաթանկ լուծումը»։ Այն արտադրական հարթակների համար, որտեղ ավտոմեքենաների արտադրությունն այլևս շահութաբեր չի լինի, Volkswagen-ը ուսումնասիրում է այլ «արդյունաբերական լուծումներ»։

Կոնցեռնի ղեկավարը մասնավորապես նշել է, որ ընկերությունը առաջադեմ բանակցություններ է վարում պաշտպանական արդյունաբերության մի շարք ընկերությունների հետ Օսնաբրյուկի գործարանի հնարավոր օգտագործման շուրջ։

Հուլիսին Օլիվեր Բլյումեն Volkswagen-ի դիտորդ խորհրդին ներկայացրել էր ծախսերի կրճատման ծրագրերը, սակայն վերջնական որոշումներ չէին ընդունվել։ Մամուլը հայտնել էր մի նախագծի մասին, որը նախատեսում էր ընկերության 600 հազար աշխատակիցներից մինչև 100 հազար աշխատատեղի կրճատում։

Այդ ժամանակ գերմանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Volkswagen-ի խոշոր բաժնետերերից մեկը, որը վերահսկում է ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի 20%-ը, հրաժարվել է հաստատել այդ ծրագրերը։

Կոնցեռնն արդեն հաստատել է 50 հազար աշխատատեղի կրճատում։ Ղեկավարի խոսքով՝ այդ ծրագրի շրջանակում արդեն համաձայնություններ են ձեռք բերվել 37 հազար աշխատակիցների հետ։

«Մենք կարող ենք հաջողության հասնել միայն այն դեպքում, եթե այս ծրագիրն աջակցություն ստանա բոլորի կողմից», – հայտարարել է նա։

Ուրբաթ օրը ազդեցիկ IG Metall արհմիության նախագահ Քրիստիանե Բենները խիստ քննադատել է Volkswagen-ի ղեկավարությանը և զգուշացրել, որ աշխատակիցները դիմադրելու են գործարանների փակմանը։

«Volkswagen-ի աշխատակիցներն արդեն ստիպված են եղել ընդունել ծանր և ցավալի կրճատումներ, իսկ այժմ նրանք նոր հարված են ստանում», – հայտարարել է նա Wirtschaftswoche շաբաթաթերթին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment