Զինվորների մահվան դեպքերում 2019-ին Կարեն Աբրահամյանի մեղավորությունը տեսան, Սուրիկ Պապիկյանի պատասխանատվությունը չե՞ն տեսնում. Աբրահամյան

«Եթե պաշտպանության նախարարը իր տեղում չէ կամ մինչև այս պահը չի գիտակցում, թե խնդիրների պատասխանատվությունն ինչպես է իրեն տրվում, դա արդեն շատ վատ է։ Ցանկացած իրավիճակում, անկախ այն հանգամանքից, թե զինված ուժերում ինչպիսի միջադեպեր են գրանցվում կամ զինված ուժերում դրված խնդիրներն ինչ ձևով են կատարվում, այստեղ, բնականաբար, պաշտպանության նախարարը չի կարող իր դերակատարությունը չունենալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերին, որոնց վերաբերյալ ՊՆ նախարարն այսօր հայտարարել էր, թե նորություն է, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել ՊՆ նախարարին։

«Ժամանակին՝ 2019 թվականին, հունվար-փետրվար ամիսներին, Պաշտպանության բանակում միմյանց հաջորդող դեպքեր արձանագրվեցին՝ մահվան ելքով։ Հիշում եմ, որ այսօրվա նույն քաղաքական իշխանությունը եկավ այն եզրահանգման, որ խնդիրը ՊԲ հրամանատարի փոփոխության մեջ է, և 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՊԲ այն ժամանակվա հրամանատար Կարեն Աբրահամյանին պաշտոնանկ արեցին։

Ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում մեղավորը ու պատասխանատուն ՊԲ հրամանատարն էր, իսկ այս դեպքում հիմնական պատասխանատուները նույնիսկ զարմանում են, որ հանրային դեմքերը պաշտպանության նախարարի պատասխանատվությունը տեսնում են և խոսում հրաժարականի մասին»,- հակադարձեց Աբրահամյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment