Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությանն անդամակցությունը նրան այլևս պետք չէ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը գոհ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից: «Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպության անդամակցությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու կառույցից»,- նշել է Պեսկովը:
Պաշտոնյան նաև հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը ԵԱՏՄ-ում կբախվի խոր հակասությունների, որոնք կվնասեն երկրին: Նրա խոսքով՝ Հայաստանը տարբեր ոլորտների վերաբերյալ իր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնի Եվրամիության ստանդարտներին, իսկ դրանք չեն համընկնում ԵԱՏՄ-ում գործող նորմերի հետ:
Իր հերթին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն վարելու Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության շուրջ: Նրա խոսքով՝ հայկական միրգն ու բանջարեղենն անորակ չեն, պարզապես առկա են վնասատուներ և հիվանդություններ: Օվերչուկը նշել է՝ բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է կատարվեն, քննարկումներ են ընթանում: