Չինաստանի ղեկավարությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ իրենց ազգային շահերը պաշտպանելու համար, եթե Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ազդեն Պեկինի վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը։
Դիվանագետի խոսքով՝ Պեկինը «հետևում է իրավիճակին» և պատրաստ է ձեռնարկել «միջոցառումներ՝ իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար»։
Լին Ծյանն ընդգծել է, որ պատժամիջոցները «չեն օգնում լուծել խնդիրները» և զգուշացրել է, որ համաշխարհային ասպարեզում սահմանափակող միջոցառումները միայն բարդացնում են իրավիճակը և հանգեցնում են սրացման։ Նա կոչ է արել իրանական հակամարտության բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը և ազդել համաշխարհային ֆինանսական կայունության և տնտեսական զարգացման վրա։
Օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ «տնտեսական պատերազմ» սկսելու իր որոշման մասին՝ Վաշինգտոնի կողմից ցանկալի վիճելի հարցերի շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Նա զգուշացրել էր, որ Իրանի տնտեսությանն օգնություն տրամադրող երկրները կբախվեն լուրջ տնտեսական հետևանքների։