Երևանը մտադիր է մինչև 2029-ը հասնել ԵՄ վիզաների ազատականացմանը (PAN.am)

Հայաստանը մտադիր է 2029-ի ընթացքում հասնել Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում։

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել է, որ ներկայում Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը վիզաների ազատականացման շուրջ ակտիվ բանակցություններ է վարում։

«Եվ մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասել է նա և հավելել, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում։

«Իմ կարծիքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումն իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ։ Իսկ ՌԴ-ում մտահոգությունների հիմնարար պատճառն այն տրանսֆորմացիան է, որն սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- ասել է նա և հավելել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական և անվտանգային։

Փաշինյանի գնահատմամբ՝ 2023-ի իրադարձությունները ցույց են տվել, որ սեփական անվտանգային խնդիրների առկայության հետևանքով Ռուսաստանը կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու հարցում։

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնական փուլ է մտել, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա ապագայում առանց մուտքի արտոնագրի այցելել Շենգենյան գոտի: Գործընթացը սկսվել է, բայց այն պահանջում է որոշակի ժամանակ և լայնածավալ բարեփոխումներ։

Leave a comment