«Ի՞նչ փաստաթուղթ տվեցին ձեզ ու Մհեր Գրիգորյանին, որ այլեւս անթաքույց խոսում եք Տիգրանաշենը հանձնելու մասին»

«Փաստորեն, որ Փաշինյանը ադրբեջանցիների պահանջով Նախչեւան է ասում, դրա համար էլ են նախկինները մեղավոր»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարություններին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը գալիս՝ այս ամբիոնից թուրք պատմաբանների թեզերը շաղ է տալիս ի լուր ամբողջ աշխարհի»։

«Դուք մի քանի տարի առաջ ասել եք, որ Հայաստանում անկլավ չկա, պնդում էիք, որ Տիգրանաշենի հարցում որեւէ խնդիր չկա, կոնկրետ կասե՞ք՝ այդ ի՞նչ փաստաթուղթ ձեզ տվեցին, Մհեր Գրիգորյանին տվեցին, որ դուք այլեւս անթաքույց, հրապարակային խոսում եք Տիգրանաշենը եւ մյուս անկլավները հանձնելու մասին»,- Փաշինյանին հարցրեց Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում դարձյալ հայկական բնակավայրերի ադրբեջանական անուններն օգտագործեց։ Այնուհետեւ ասաց․ «Այո, Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ալմա-Աթայի հռչակագրի ստատուս քվոն արտահայտող քարտեզներն են 1974-78 թվականների քարտեզները։ Հայաստանի 29 743 քկմ տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում այն անկլավները, որոնց մասին ասել եմ։ Ո՞րն է այն փաստաթուղթը, դա այն քարտեզն է, որով մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment