«Փաստ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» նախագիծը։ Առաջարկվում է բնակչության պետական ռեգիստրում անձի հասցեների հաշվառման համակարգում նախատեսել երկու տեսակի հասցե՝ հիմնական և ոչ հիմնական։ Այս մոտեցմամբ հասցեների հաշվառումը տարանջատվում է ըստ դրանց նշանակության և օգտագործման նպատակի։ Հիմնական հասցեն կապվում է անձի բնակության հետ և դիտարկվում է որպես այն հասցեն, որն անձը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր։ Այն հիմք է ընդունվելու բնակության վայրով պայմանավորված հանրային ծառայությունների մատուցման, ընտրողների ռեգիստրի վարման և ընտրողների ցուցակի կազմման համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։ Անձի համար մեկ գործող հիմնական հասցե նախատեսելը նպատակ ունի ապահովել պետական մարմինների կողմից հասցեների վերաբերյալ տվյալների հստակ և միասնական օգտագործումը։ Ոչ հիմնական հասցեն նախատեսվում է որպես լրացուցիչ հասցե՝ պաշտոնական ծանուցումներ կամ որոշ հանրային ծառայություններ ստանալու նպատակով։ Այն անմիջականորեն չի նույնացվում անձի մշտական բնակության վայրի հետ։ Յուրաքանչյուր ոչ հիմնական հասցեի համար շտեմարանում նշվում է դրա օգտագործման նպատակը, ինչը հնարավորություն է տալիս տվյալ հասցեն կիրառել համապատասխան ծառայության մատուցման կամ հաղորդակցության կազմակերպման համար։
Նախագծով սահմանվում են հիմնական և ոչ հիմնական հասցեների գրանցման, փոփոխման և գրանցման դադարեցման ընդհանուր կանոնները։ Նախատեսվում է այդ գործողություններն իրականացնել տեղեկատվական մուտքի հարթակի կամ լիազոր մարմնի միջոցով։ Այս մոտեցումն ուղղված է գործընթացների թվայնացմանը՝ միաժամանակ ապահովելով դրանց հասանելիությունն այն անձանց համար, որոնք չեն օգտվում կամ չեն կարող օգտվել էլեկտրոնային գործիքներից։ Նախատեսվում են նաև ինքնաշխատ գործողություններ՝ շտեմարանում առկա և փոխկապակցված տեղեկատվական համակարգերից ստացվող տվյալների հիման վրա։ Մասնավորապես, հասցեի գրանցման կամ փոփոխման ընթացքում կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգի տվյալներով կարող են ստուգվել անձի՝ տվյալ գույքի նկատմամբ սեփականության, համասեփականության, գնման կամ օգտագործման իրավունքները։ Համապատասխան տվյալների առկայության դեպքում հիմնական հասցեի գրանցումը կարող է իրականացվել առանց լրացուցիչ համաձայնության պահանջի։
Այն դեպքերում, երբ հայտարարված հասցեում գտնվող գույքի նկատմամբ անձի իրավունքը չի հաստատվում համապատասխան տեղեկատվական համակարգի տվյալներով, նախատեսվում է սեփականատիրոջ կամ այլ իրավասու անձի ներգրավման ընթացակարգ՝ անձի փաստացի բնակվելը հաստատելու նպատակով։
Առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվում անչափահաս երեխաների հիմնական հասցեի գրանցման և փոփոխման համար։ Նորածին երեխայի առաջին հիմնական հասցեի գրանցման համար հիմք են ընդունվում ծնողների հիմնական հասցեների վերաբերյալ շտեմարանում առկա տվյալները։ Տարբեր հիմնական հասցեներ ունեցող ծնողների դեպքում նախատեսվում է մյուս ծնողի ծանուցման և նրա դիրքորոշումը հաշվի առնելու ընթացակարգ։ Միաժամանակ, սահմանվում են դեպքեր, երբ մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվում, այդ թվում՝ երեխայի բնակության վայրը որոշող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում։
Կարգավորվում են նաև զորակոչված, քրեակատարողական հիմնարկում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստացած անձանց հիմնական հասցեի հաշվառման առանձնահատկությունները։ Այդ դեպքերում համապատասխան մարմինները կամ կազմակերպությունները լիազոր մարմնին են ներկայացնում անհրաժեշտ տվյալները, որոնց հիման վրա իրականացվում է հիմնական հասցեի գրանցումը, փոփոխումը կամ համապատասխան հասցեում գրանցման դադարեցումը։
Գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսվում է նրան տրամադրել իր գույքի հասցեում գրանցված անձանց վերաբերյալ անհրաժեշտ նվազագույն տվյալների հասանելիություն՝ անձի անունը, ազգանունը, հասցեի տեսակը և գրանցման ամսաթիվը։ Միաժամանակ, նախատեսվում է սեփականատիրոջ նախաձեռնությամբ ոչ հիմնական հասցեի գրանցման դադարեցման, ինչպես նաև երրորդ անձի հիմնական հասցեի գրանցումը դադարեցնելու գործընթացի նախաձեռնման հնարավորություն։ Հիմնական հասցեի դեպքում նախատեսվում է գրանցված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի ծանուցման և դիրքորոշումը ներկայացնելու ընթացակարգ՝ ապահովելով սեփականատիրոջ և գրանցված անձի իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում