Հայաստանի երկաթուղու՝ ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ, հայտարարել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և ընդամենը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի կառավարման ներքո, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղու՝ ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ», – նշեց Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2026-31 թվականների ծրագիրը ներկայացնելիս։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն կորցնել այդ պատմական հնարավորությունը։
«ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի», – ասաց Փաշինյանը։
Հարավկովկասյան երկաթուղու հարցով Հայաստանի պլանների մասին
2026 թվականի փետրվարին Փաշինյանը չբացառեց Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման իրավունքը մեկ այլ երկրի, որը բարեկամական է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին, մասնավորապես Կատարին, ԱԱԷ-ին կամ Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը:
Նա նաև հայտարարեց, որ TRIPP նախագծի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են երկաթուղային հաղորդակցություն կազմակերպել Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև՝ շրջանցելով Հայաստանը՝ նշելով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո: Նրա խոսքով՝ դրա պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»:
Հուլիսի 30- Փաշինյանը հնարավոր համարեց Ռուսաստանին 2 մլրդ դոլարի չափով ֆինանսական պահանջների ներկայացումը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի համատեքստում: Նրա խոսքով՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունն իրավասու է օգտագործել օրենքով նախատեսված ցանկացած մեխանիզմ, ներառյալ արբիտրաժը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ակնկալում է հարցը կարգավորել բարեկամական ձևաչափով՝ ռուսական կողմի հետ երկխոսության ճանապարհով:
Ավելի ուշ նույն օրը «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարեց, որ ռուսական կողմը մտադիր է հավատարիմ մնալ կոնցեսիոն համաձայնագրի պայմաններին և Հայաստանի կողմից դրա դադարեցման կամ փոփոխման դեպքում ակնկալում է կատարված ներդրումների վերադարձ: