Լեհաստանում Օդերի վտակներից մեկից վերջին մի քանի օրերի ընթացքում դուրս են բերել ավելի քան 4 տոննա սատկած ձուկ։ Զանգվածային անկումը տեղի է ունեցել Գլիվիցեի ջրանցքի հատվածում և պայմանավորված է ջրիմուռների թունավոր տեսակով, հաղորդում է dpa-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ջրային գերատեսչության տվյալներով, ձկների սատկելու պատճառը դարձել է ոսկեգույն ջրիմուռի տարածումը։ Ջրանցքի տուժած հատվածում իրականացվում է մշտական մոնիթորինգ, իսկ սատկած ձկները պարբերաբար հեռացվում են։
Որպեսզի չթույլատրվի ծաղկման տարածումը այլ հատվածներ, իշխանությունները ժամանակավորապես շահագործումից երկու ջրային պատնեշ են հանել։ Եթե այս միջոցները բավարար չլինեն, մասնագետները դիտարկում են ջրածնի պերօքսիդի վերահսկվող բացթողման հնարավորությունը, որը պետք է ոչնչացնի ջրիմուռները։
Ներկայիս իրավիճակը հիշեցնում է 2022 թվականի էկոլոգիական աղետը, երբ Լեհաստանի և Գերմանիայի տարածքում գտնվող Օդերում ձկների զանգվածային անկում էր գրանցվել։ Այն ժամանակ մասնագետները եզրակացրել էին, որ առավել հավանական պատճառը Prymnesium parvum թունավոր ոսկեգույն ջրիմուռի ինտենսիվ բազմացումն էր։
41 կմ երկարությամբ Գլիվիցեի ջրանցքը բացվել է 1939 թվականին և միացնում է Վերին Սիլեզիայում գտնվող Գլիվիցե քաղաքը Օդերի հետ։ Խնդիրն այստեղ նախկինում էլ էր առաջացել. 2024 թվականին ջրանցքից դուրս էին բերել ավելի քան 100 տոննա սատկած ձուկ։ Այդ ժամանակ իշխանությունները դիմել էին ջուրը թթվածնով հագեցնելու և ջրածնի պերօքսիդով մշակելու միջոցներին։