Քաղաքականություն
23.08.2026 | 14:53
Օգոստոսի 23-ի գիշերը ուկրաինական զինված ուժերը կրկին հարվածել են Ozon-ի պահեստին․ հարձակման է ենթարկվել մարքեթփլեյսի Օրենբուրգում գտնվող լոգիստիկ համալիրը։
Օրենբուրգի քաղաքապետ Ալբերտ Յումադիլովը հայտնել է, որ լոգիստիկ համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել, որը, նրա խոսքով, հաջողվել է արագ մարել։ Նրա փոխանցմամբ՝ տուժածներ չկան։
Ozon-ի լոգիստիկ համալիրը գտնվում է Օրենբուրգում՝ «Օրենբուրժիե» հատուկ տնտեսական գոտում։
Ուկրաինական զինված ուժերը երկրորդ անգամ են հարվածում Ozon-ի լոգիստիկ համալիրներին։ Օգոստոսի 22-ին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարձակվել էին Սամարայի մերձակայքում գտնվող Ozon-ի պահեստի վրա։ Դրանից առաջ հարվածներ էին հասցվել Ռուսաստանում գործող Wildberries մարքեթփլեյսի լոգիստիկ համալիրներին։
Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 23-ի գիշերը Շուշարի բնակավայրում հրդեհ էր բռնկվել պահեստային համալիրում։ Իշխանությունները դրոնի հարձակման մասին չէին հայտնել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում 17 ռուսական շրջանների, այդ թվում՝ Օրենբուրգի մարզի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի երկնքում խոցվել է 328 անօդաչու թռչող սարք։