«Մենք ԱՄՆ փոխնախագահի հետ չքննարկեցինք, ընդհանրապես չխոսեցինք սահմանային իրավիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին։ Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է՝ չկա օրակարգում այդպիսի հարց»։
«Ես գիտեմ, որ Վենսի այցից հետո քննարկումներ կան թվերի հետ կապված։ Շատ կարևոր է, որ ԱՄՆ փոխնախագահն այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ-ի մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելուն։ Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դարձվեն կոնկրետ նախագծեր, հասցեներ, կոնկրետ լոկացիաներ։ Մենք առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք և իրականացնելու ենք համագործակցություն։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս ամեն ինչն իրականում խաղաղության օրակարգի արդյունքներն են»,- այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ամերիկյան ներդրումների մասին ընդդիմադիրների հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Սովորաբար ընդդիմությունը մեզ քննադատում է, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների պակաս կա կամ ինչո՞ւ չեն աճում անհրաժեշտ չափով։ Հիմա, ըստ էության, Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են տեղի ունենալու, և ցանկացած երկիր միշտ ցանկանում է, որ գումարներ գան դրսից և տեղում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն։ Մենք, ըստ էության, խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի ձևավորման մասին»։
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների մեծ մասն արդեն իսկ ավելի շատ տնտեսական էր, քան քաղաքական։ Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել։ Մենք չքննարկեցինք, ընդհանրապես չխոսեցինք սահմանային իրավիճակի մասին, մենք չխոսեցինք ռեգիոնալ լարվածության մասին։ Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է՝ չկա օրակարգում այդպիսի հարց»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: