Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ զարգացող տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի համար պատմական հնարավորություն է՝ կառուցելու «բոլորովին նոր որակի երկիր»։
Factor TV-ին տված հարցազրույցում նախարարը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի արդյունքները, մասնավորապես՝ ամերիկյան կողմի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։ Ստորագրմանը հաջորդած համատեղ հայտարարության ընթացքում Ջեյ Դի Վենսի հայտարարությունը ՀՀ էներգետիկայի ոլորտում ներդրումների մասին տարընթերցումների տեղիք էր տվել՝ բանավոր թարգմանության ընթացքում թարգմանչի ձևակերպումների համատեքստում։ Հատկապես հարցեր էին առաջացրել 5 մլրդ և 4 մլրդ դոլար թվերը։
Գևորգ Պապոյանը շեշտել է, որ խոսքը ամերիկյան կողմի ներդրումների մասին է։ «Հայաստանում չկա ինը միլիարդ դոլար փող, որ մենք ներդնենք։ Դա նշանակում է մինչև հինգ միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ չորս միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի սպասարկման պայմանագրերի միջոցով», – պարզաբանել է նախարարը։
Նրա խոսքով՝ միջուկային էներգետիկան ոլորտ է, որը հասու է աշխարհի սահմանափակ թվով երկրներին, և Հայաստանը այդ «ընտրյալների» շարքում է։ Այս նախագիծը, ըստ Պապոյանի, ոչ միայն էներգետիկ անվտանգություն է ապահովելու, այլև տեխնոլոգիական թռիչքի հնարավորություն է ստեղծելու։
Գևորգ Պապոյանը այս գործընթացները դիտարկում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական կողմնորոշումների շրջադարձային պահ։
Նա ընդգծել է, որ երրորդ հանրապետության պատմության մեջ Հայաստանը այլընտրանք չի ունեցել՝ կախված լինելով մեկ ուժային կենտրոնից․ «Մեր ընտրությունը այլևս միայն մեկը չէ, այ սա է և վերջ։ Մեր ընտրությունը սա է, սա է, սա է, սա է, սա է։ Եկեք, հիմա նստենք, որոշենք, թե որն է ամենալավը։ Եթե այն մեկը էլի լինի ամենալավը, էլի այդ մեկն ենք ընտրելու, բայց իրավիճակի փոփոխությունը այս Հայաստանի չորրորդ հանրապետության ու երրորդ հանրապետության դա է»։
Նա հատուկ կարևորել է «Nvidia»-ի՝ աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերության հետ համագործակցությունը, որը նախատեսում է Հայաստանում ստեղծել դիզայնի և հետազոտական կենտրոններ։ «Ապագան ՏՏ ոլորտինն է, ըստ էության», – նշել է նա՝ կանխատեսելով, որ այս ներդրումները կխթանեն Հայաստանի ողջ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։
Ի պատասխան այն քննադատությունների, թե Հայաստանը, համագործակցելով ԱՄՆ-ի հետ, կարող է «թրքանալ» կամ վտանգել իր ինքնիշխանությունը, Գևորգ Պապոյանը հակադարձել է, որ սա պատմական հնարավորություն է, որից պետք է օգտվել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: