Դուք ՔՊ անդամ չեք, եկել մեր դիրքորոշումն եք ներկայացնում․ Սոնա Ղազարյանը՝ Հարություն Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հարություն Հարությունյանի հարցի քննարկման ժամանակ նրան հարց ուղղեց Սոնա Ղազարյանը։

ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչպես է վերջինս պատրաստվում զարգացնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ՝ առանց հակադրություններ ստեղծելու։

Ղազարյանը շեշտեց, որ արտաքին բլոկի երեք հանձնաժողովներից թեկնածուն հավակնել է հենց եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավարմանը. «Դա նշանակում է, որ դուք խորհրդարանում լինելու եք դեպի Եվրոպա դիվերսիֆիկացման դրոշակիրը»։

Որպես իրական դիվերսիֆիկացման գործիք՝ պատգամավորը նշեց DCFTA-ի  (Deep and Comprehensive Free Trade Area -Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի)շուրջ բանակցություններ սկսելու կամ ստորագրելու անհրաժեշտությունը, որն առաջարկելու է վարչապետին։

Ի պատասխան՝ Հարություն Հարությունյանը ներկայացրեց տնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է եվրոպական պետությունների հետ ունեցած ցուցանիշները։ Նա հղում կատարեց երկրի վարչապետի հայտարարությանը. «Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրակարգում պաշտոնապես հայտարարվել է, որ չկա քաղաքական օրակարգ՝ Եվրոմիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ»։

Սոնա Ղազարյանն արձագանքեց թեկնածուի ձևակերպումներին՝ նշելով, որ վերջինս հանդիսանում է ընդդիմության ներկայացուցիչ. «Պարո՛ն Հարությունյան, ամենայն հարգանքով, բայց Դուք ՔՊ անդամ չեք, և Դուք հիմա եկել եք ամբիոնից ներկայացնում եք մեր դիրքորոշումը»։

Ղազարյանը նաև հավելեց, որ եթե թեկնածուն գալիս է պաշտպանելու եվրաինտեգրման տեսլականը, ապա իշխող ուժն ինքնուրույն կանի դա հանձնաժողովում։

Հարությունյանը հակադարձեց՝ նշելով, որ եվրաինտեգրման պրոցեսը և նշված հանձնաժողովի օրենսդրական դերակատարումը տարբեր հարթություններում են։ Նա վերահաստատեց ընդդիմության պատրաստակամությունը՝ դիրքորոշում հայտնելու միայն այն դեպքում, երբ հարցն իրապես կմտնի քաղաքական օրակարգ.

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment