Եգիպտոսը «Ռոսատոմին» մեղադրում է ԱԷԿ-ի կառուցման ընթացքում անվտանգության կանոնների խախտման համար. Politico


Ըստ Politico-ի՝ Եգիպտոսի իշխանությունները բողոք են ներկայացրել «Ռոսատոմին»՝ նշելով, որ «Էլ Դաբաա» ատոմակայանի շինարարությունն իրականացվում է խախտումներով։ Միևնույն ժամանակ, պետական կորպորացիան հրապարակայնորեն պնդում է, որ անվտանգության բոլոր պահանջները պահպանվում են։


Հունիսի 4-ին «Ռոսատոմի» ավագ մենեջերին ուղղված գաղտնի նամակում Եգիպտոսի ատոմակայանների վարչությունը հայտնել է անավարտ ռեակտորային բլոկներում հայտնաբերված «թերությունների», «միջուկային անվտանգության կանոնների» խախտումների և նախագծի աշխատակիցներից մեկի թույլ տված «դիտավորյալ անփութության» մասին։


Վերահսկող մարմնի տվյալներով՝ «Ռոսատոմում» ձևավորվել է ոչ պրոֆեսիոնալ կորպորատիվ մշակույթ։ Աշխատակիցների մոտ հայտնաբերվել են «անօրինական ալկոհոլային խմիչքներ», օգտագործվել են «կեղծ անցագրեր», իսկ սոցիալական ցանցերում հրապարակվել են շինհրապարակում արված լուսանկարներ և տեսանյութեր։


Politico-ն այս և այլ փաստաթղթեր ստացել է հետախուզության պաշտոնյայից։ Դրանց թվում են «Ռոսատոմի» գաղտնի փաստաթղթեր, որոնք, ըստ պարբերականի, հաստատում են Եգիպտոսի իշխանությունների մտահոգությունների հիմնավորվածությունը՝ մանրամասն նկարագրելով ուշացումները, շինարարության որակի հետ կապված խնդիրները և նախագծի կառավարման ձախողումները։


Ըստ «Ռոսատոմի»՝ ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շահագործման հանձնումը կհետաձգվի 18 ամսով՝ 2028 թվականի սեպտեմբերից մինչև 2030 թվականի մարտ։


Politico-ն ենթադրում է, որ Եգիպտոսում ստեղծված իրավիճակը կարող է ազդել նաև Հունգարիայում «Ռոսատոմի» նախագծի ճակատագրի վրա, որտեղ նոր իշխանությունները սկսել են ռուսական ընկերության կողմից կառուցվող երկու նոր էներգաբլոկների աուդիտը։

Leave a comment