«Դատավորն առաջնորդվել է օրենքով, հուսով եմ՝ մյուս դատավորներն էլ օրինակ կվերցնեն դատավորից եւ իրենք եւս կառաջնորդվեն օրենքով։ Մեր երկրում կալանքը չպետք է լինի պատժի ու խոշտանգման միջոց։ Նորմալ մարդու համար կալանքն այն կալանավայրերում, որտեղ մենք ունենք, որոնք գերբնակեցված են, կեղտոտ են, հակասանիտարական են, դրանք խոշտանգման միջոց են»,- դատարանի դահլիճից դուրս գալով՝ լրագրողներին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատավոր Դավիթ Բալայանը Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում ընդունեց։
«Չի կարելի ասել, որ այսօրվա որոշումն ինձ համար կանխատեսելի էր։ Ես այսօր գալիս էի պայքարը շարունակելու տրամաբանությամբ։ Ես չգիտեի՝ դատավորն ինչ որոշում կընդունի։ Մենք շատ հաճախ որպես ամենակարեւոր հարց ենք համարում ազատությունը, բայց իմ տեսանկյունից ամենակարեւոր հարցն այս անհեթեթ մեղադրանքը հիմնարար հերքելն է։ Ուղղակի իրականության բացահայտ նենագափոխում է տեղի ունեցել, եւ դատախազը պարզապես չպետք է ստորագրեր այսպիսի մեղադրական եզրակացություն։ Այն, որ նրանք ստորագրում են այսպիսի մեղադրական եզրակացություններ եւ գալիս են, դա փաստում է, որ անհույս փորձում են կառչել քաղաքական հետապնդումը շարունակելու հիվանդագին տրամաբանությունից։ Եվ այդ տրամաբանությունը, դուք գիտեք, թե ումից է գալիս, այն մարդուց, որը երեկ մամուլի ասուլիս էր տալիս եւ բողոքում էր մեր դատական համակարգից»,- նշեց նա։
Չալաբյանն ասաց, որ ազատության մեջ իր անելիքներից է լինելու այս մեղադրանքի հարցով քարը քարի վրա չթողնելը։ Նա նշեց, որ հանգստանալուց հետո կվերադառնա իրենց պայքարին ու գործունեությանը։
Նա նշեց, որ այս իշխանությունը փորձել է գլխատել ընդդիմության համառ, անսասան, անվեհեր ղեկավարներին։ «Ես կարծում եմ՝ ընդդիմությունը պետք է ինչ-որ իմաստով ջանքերը միավորի, որպեսզի կարողանան ՔՊ-ից լցվող դեմագոգիայի հեղեղին դիմագրավել։ Մարդիկ մեզ փորձում են մեղադրել նրա մեջ, որ մենք, օրինակ, հակաթուրք ենք։ Երբեք պատմության մեջ չեն մեղադրել հային, որը հակաթուրք է։ Հիմա ԱԺ-ում ՔՊ կարկառուն դեմքերը դուրս են գալիս, ընդդիմությանը մեղադրում են նրա մեջ, որ իրենք հակաթուրք են։ Կամ ասում են՝ ինչպե՞ս կարելի է չճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, մենք ճանաչել ենք, դուք ո՞նց չեք ճանաչել։ Ես ուզում եմ առիթից օգտվել եւ ասել ՔՊ-ի բոլոր կարկառուններին՝ չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում ու չենք ճանաչելու։ Եվ ավելին՝ ամեն ինչ անելու ենք, որ մի օր մեր արցախցի հայրենակիցները վերադառնան իրենց հայրենիք՝ արժանապատիվ ու անվտանգ կյանքով ապրեն իրենց հայրենիքում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով այսպես կոչված «անկլավների» հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Ավետիք Չալաբյանն ասաց․ «ՀՀ-ն, երբ անդամակցել է Խորհրդային Միությանը, դրանք Հայաստանի տարածքներ են եղել, ապօրինի փաստաթղթերով են հանձնվել Ադրբեջանին։ Չկա որեւէ օրինական փաստաթուղթ, որը հաստատում է այդ անկալավների հանձնումը։ Եվ պետք է ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա, որովհետեւ դա Հայաստանի անդամահատման շատ կարճ ճանապարհ է, դա Հայաստանի կենտրոնական մասը Սյունիքից ու Վայոց ձորից կտրելու շատ կարճ ճանապարհ է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: