Շենգավիթի առաջին ատյանի դատարանում ընթանում է «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցով դռնբաց դատական նիստը:
Նիստից առաջ` «ՀայաՔվեի» անդամներն Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիա կանցկացնեն դատարանի բակում:
«Այսօրվա մեր ակցիան նվիրված է առաջին դատալսմանը: Մենք համարում ենք, որ այս ապօրինի քրեական գործը և կալանքը լիովին անհամաչափ է ստեղծված այս իրավիճակում: Մենք այստեղ ենք, որպեսզի սատարենք, զորակցենք Ավետիքին, ցույց տանք մեր միասնությունը և այն, որ բոլորս պահանջում ենք Ավետիքին ազատ արձակել: Ավետիքը արդեն երկու ամիս է գտնվում է անազատության մեջ»,- Շենգավիթի դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով ամուսնու կալանավորմանն ու նրա վերաբերյալ քրեական գործին։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններն, թե Հայաստանում չկան քաղաքական հետապնդումներ, Ադամյանը նշեց, որ Ավետիք Չալաբյանը դասական քաղբանտարկյալ է։
«Գիտեք, իրականում շատ ծիծաղելի պնդում է, երբ որ մենք այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ, այնքան մարդու նկատմամբ արդեն քրեական գործեր են բացված։ Մեր դեպքում, ընդհանրապես, Ավետիքը շատ դասական քաղբանտարկյալ է, որովհետև իր և քրեական գործն է ամբողջությամբ հնարված, և կալանքն է հենց քաղաքական շարժառիթով ստեղծված։ Իհարկե, ոչ մեկի քրեական գործում գրված չէ, որ իրեն ազատազրկել են խոսքի համար, քաղաքական կամ ընդդիմության համար, պարզ է, որ ինչ-որ հարմար հոդվածներ են գտնում այդ նպատակով»,- ասաց Անահիտ Ադամյանը։
Նա նաև խոսեց Ավետիք Չալաբյանի հետ տեսակցությունների սահմանափակման մասին. «Ավետիքի հետ տեսակցությունները բոլորը փակ են և մեր համար, և ընտանիքի, և պատգամավորների: Իր հետ կարողացել են շփվել միայն փաստաբանները: Մեր հետ ինչ-որ կարճ հեռախոսային կապի հնարավորություն է եղել՝ օրական մի քանի րոպեի, փաստացի ուղղակի իր առողջությունից ենք հարցրել և ինչ-որ կենցաղային հարցեր ենք քննարկել, ով ինչպես է, այդպիսի հարցեր կարողացել ենք քննարկել:
Ես իրեն հունիսի 24-ից սկսած չենք տեսել: Այսօր առաջին անգամ եմ տեսնելու»,- նշեց Ադամյանը։