Հարավային Կովկասը հայտնվել է նոր աշխարհակարգում ձևավորվող երկու լոգիստիկ ուղիների՝ Չինաստան–Հնդկաստան–Իրան–Հարավային Կովկաս–Ռուսաստան–Եվրոպա և մեր տարածաշրջանում արդեն խաչվող Թուրքիա–Թրամփի ուղի–Ադրբեջան–հետխորհրդային տարածքներ–թուրքալեզու երկրներ ուղիների հատման կետում։ Երկու երթուղիներից յուրաքանչյուրն ունի իր շահառուներն ու ընդդիմախոսները։ Այս նախագծերից ո՞րը կարող է դառնալ գերիշխող, ո՞վ և ի՞նչ օգուտներ կստանա դրանց գործարկումից։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին խոսեց ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու, միջազգային տնտեսական հարաբերությունների փորձագետ Ալեքսանդր Դուդչակը։
«Ձեր տարածաշրջանը դարեր ի վեր առանձնանում է նրանով, որ այդտեղ շատ տերությունների շահեր են խաչվում, և այդտեղ ապրող ժողովուրդները ստիպված այդ ամենը կրում են իրենց մաշկի վրա։ Բայց մենք տեսնում ենք, որ դուք պահպանել եք ձեր հավատքը, լեզուն ու մշակույթը։ Եվ տա Աստված, որ ապագայում սպասվող ցնցումները վնասներ չպատճառեն, թեև մենք հիմա տեսնում ենք, որ խնդիրն այժմ ոչ այնքան ու ոչ միայն ճանապարհների խաչաձևումն է, ինչն իսկապես կարևոր նշանակություն է ունենալու ձևավորվող նոր աշխարհում, որտեղ չի լինի միաբևեռ աշխարհ։
Միացյալ Նահանգները կարծես հեռանում են կամ ուզում են հեռանալ աշխարհում գերիշխող պետության դերից, սակայն թույլ չեն տա մեկ ուրիշ պետության գերակայություն։
Իհարկե, եթե ամեն ինչ լիներ հանգիստ, եթե ի դեմս իրենց ղեկավարների երկրները զարգանային հանգիստ, միմյանց շահերը հարգելով, և եթե չլինեին կանխամտածված արտաքին շահեր, ձեր տարածաշրջանի այդ տրանսպորտային միջանցքները կլրացնեին միմյանց։ Ցավոք, հիմա Միացյալ Նահանգների կողմից գործընթացին միջամտելը, ակտիվ մասնակցություն ունենալը, Ադրբեջան–Թուրքիա հանգույցի մեջ խաղացողի դեր ունենալը, տնտեսական օգուտը և փոխադարձ շահավետ համագործակցությունը հաճախ փոխարինում է դրսից թելադրվող քաղաքական ինչ-ինչ նպատակահարմարություններով։
Կա հիանալի մի նախագիծ՝ Հյուսիս–հարավը։ Բայց արևմտյան երկրները, հակառակ առողջ դատողության, սեփական ժողովուրդների և տնտեսության շահերի, սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ դա մեկնաբանելով Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններով՝ մոռանալով, որ իրենք են Ուկրաինայի տարածքում ռազմական բախման սցենարը կազմել, և որ այդ ամենը շարունակությունն է այն իրադարձությունների, որոնք գործի էին դրվել 2014 թվականին Մայդանում։
Հիմա կազմվում է մի նոր երթուղի, որին պետք է մասնակցեն Ադրբեջանն ու Հայաստանը։ Սա, ինչու չէ, փոխշահավետ համագործակցություն է։ Կա ավելի քան 300 նախագիծ՝ ընդհանուր հաշվարկով մինչև մոտ 240 միլիարդ։ Հեռանկարը հիանալի է։ Սակայն այստեղ, ցավոք, մեջտեղ է գալիս քաղաքական նպատակահարմարությունը։ Եվ որքան էլ տխուր է, նաև Հայաստանի ղեկավարությունը գործընթացը պատկերացնում է այնպես, որ հիմա Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում կազմվում է զուգահեռ մի նախագիծ, որը նույնպես կկարողանա նպաստել տարածաշրջանի զարգացմանը։
Ըստ էության, խնդիրն այստեղ ոչ այնքան զարգացումն է, որքան տարածքի նկատմամբ վերահսկողություն ունենալը, տարածաշրջանի գործերին միջամտելը։ Այդքան շահեկան գործարքի՝ Թրամփի «Թրիփփ» տարածքի վերահսկողությունն իրականացնելու է լիցենզավորված ընկերություն, որին պատկանելու է բաժնետոմսերի 74 տոկոսը։ Անվտանգությունն էլ այս ծրագրի շրջանակներում ապահովելու է, թերևս, ևս լիցենզավորված մասնավոր զինվորական ընկերություն։
Այսինքն, ըստ էության, տնտեսական ամբողջ շահույթը հանգեցնելու է այն բանին, որ տարածքում տիրություն անելու է ԱՄՆ-ը, այնտեղ լինելու է ամերիկացիների ռազմական ներկայություն, նրանք են որոշելու, թե ինչ բեռներ՝ ում և ումից են մատակարարվելու։ Նրանք ամբողջական ինֆորմացիա կստանան, թե ինչ է տեղափոխվում, արդյոք պե՞տք է կամ արժե՞ տեղափոխել։ Ստացվում է, որ ամերիկացիները ներխուժելու են այնտեղ, և ինչպես ցույց է տալիս այլ տարածքներում ամերիկացիների ներդրումների պրակտիկան, տեղի բնակչության հոգսերը չեն թեթևանում։
Այնպես որ, սպասել, որ դա Հայաստանի համար ինչ-որ շահավետ նախագիծ է, ծայրաստիճան բարդ է, որովհետև այն չափազանց քաղաքականացված ծրագիր է, որի առաջնային նպատակը տարածաշրջանի վրա ազդեցություն ունենալն է, ճնշելը Ռուսաստանին, նրան վերջնականապես Անդրկովկասից հեռացնելը»,- ասաց փորձագետը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: