Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Արմեն Ավոյանի հետ։
-Բժիշկ Ավոյան, այս հարցազրույցին պատրաստվելիս մի միտք ինձ, կարծես, հետապնդում էր․ որքան «բունտար», կամ ավելի ճիշտ՝ ըմբոստ պետք է լինի մարդը բժիշկ, առավել ևս վիրաբույժ դառնալու համար, քանի որ, ըստ էության, այդ մասնագիտության մեջ մշտապես ստիպված ես պայքարել՝ շատ հաճախ իմանալով, թե որքան անհավասար է այդ պայքարը։
– Անկեղծ ասած` չեմ մտածել այդ մասին, թեև ճիշտ եք, ինչ-որ էլեմենտներ կան պայքարի․ հիվանդության դեմ ես պայքարում, փորձում ես ամեն ինչ անել, որ հիվանդը շուտափույթ ապաքինվի, պրոբլեմներ չունենա հետագայում։ Բայց պայքարը հաճախ ինքդ քեզ հետ է, որովհետև երբեմն անզոր ես լինում, քանի որ ոչ միշտ է, որ կարողանում ես օգնել մարդուն․․․ Եվ դա տանջում է քեզ․․․ Բայց, փառք Աստծո, մեծամասամբ այդ պայքարն այնպիսի ելք է ունենում, որ մտածում ես՝ այնուամենայնիվ, արժեր անցնել այս ճանապարհը․․․
– Իսկ ճանապարհի սկզբում պատկերացնո՞ւմ էիք, թե ինչպիսի կյանք եք ընտրում՝ բժիշկ դառնալով։
-Իմ դեպքում նույնիսկ հարց չի եղել, թե ինչ մասնագիտություն ընտրել, որովհետև 2 պապերս էլ բժիշկ են եղել, մայրիկս ևս բժիշկ էր, ու ես մեծացել եմ այդ միջավայրում։
-Եթե չեմ սխալվում՝ Ձեր մայրիկը պրոֆեսոր Խոստիկյան Նելլին է, որը երկար տարիներ ղեկավարել է Բժշկական համալսարանի պաթոլոգանատոմիայի ամբիոնը։
-Ճիշտ եք, ու ես ողջ մանկությունս անցկացրել եմ մամայիս աշխատավայրում, թեև երեխայի համար դա շատ տխուր վայր կարող էր թվալ․․․ Բայց ես այնտեղ շատ հետաքրքիր ժամանակ էի անցկացնում, պրեպարատներ էի սարքում, բիոպսիոն մատերիալն ուսումնասիրում լաբորատորիայում ու փոքրուց մտել էի բժշկության մեջ, և երբ արդեն ընտրության հարց եղավ, մեծ եղբորս թույլ տվեցին ընտրել, իսկ իմ դեպքում արդեն առանձնապես որոշելու բան չկար։
-Ձեր եղբայրը ՏՏ ոլորտի մասնագետ է, Picsart ընկերության հիմնադիրը, արդյո՞ք դուք կիսում եք նրա հետաքրքրությունները։
-Ինձ միշտ գրավել է ՏՏ ոլորտը, և ես միշտ զարգացած եմ եղել այդ ուղղությամբ, շատ լավ տիրապետել եմ ծրագրերին, համակարգչին, համացանցին, հիմա էլ՝ արհեստական բանականությանը, ինքս էլ կարողանում եմ իմ գործի համար ինչ-որ բաներ ծրագրավորել։ Այնպես որ, այդ ոլորտն ինձ միշտ հետաքրքրել և նաև օգնել է բժշկության մեջ։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական բանականության կիրառմանը բժշկության մեջ։
-Ես լավ եմ վերաբերվում արհեստական բանականությանը և նշեմ, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում ներդրել ենք արհեստական բանականության համակարգը, որը ներառում է մեր պացիենտների բոլոր տվյալների էլեկտրոնային շտեմարանը, և երբ մենք բարդ, վիճելի կամ անհասկանալի դեպքեր ենք ունենում, խնդրում ենք պացիենտի համաձայնությունը, որպեսզի արհեստական բանականությունը վերլուծի իր տվյալները։
Մենք ունեցել ենք դեպքեր, երբ պացիենտը 100-ավոր հետազոտություններ է անցել և ունի բազմաթիվ ուղեկցող խնդիրներ, և երբ դիմում ենք արհեստական բանականությանը, ստանում ենք վերլուծություն, որի հիման վրա առաջարկվում է կա՛մ հետազոտությունը տանել այս կամ այն ուղղությամբ, կա՛մ բուժման մեջ ինչ-որ բան ավելացնել, կա՛մ բացառել, և դա բավականին օգնում է մեզ բուժման ճիշտ ուղղություններ ընտրելու հարցում։
Հիմա ուզում ենք այս համակարգը ներդնել նաև մեր ռադիոլոգիայի ծառայությունում, որպեսզի ՀՏ, ՄՌՏ և այլ գործիքային հետազոտություններն ավելի արդյունավետորեն ուսումնասիրվեն, քանի որ մեծ քանակի պացիենտների դեպքում մարդու աչքն ու ուղեղը պարզապես հոգնում է, իսկ արհեստական բանականությունը չի հոգնում՝ օգնելով բժշկին վայրկենապես գտնել ախտահարված զոնաները։ Սակայն նշեմ, որ ամեն դեպքում արհեստական բանականությանը պետք է վերաբերվել զուտ որպես օգնող գործիքի, որի հետ շփմանը ժամանակակից բժիշկը պարտադիր պետք է տիրապետի։
-Բժիշկ Ավոյան, այն, ինչի մասին հիմա զրուցում ենք, տարիներ առաջ ֆանտաստիկայի ժանրից կարող էր թվալ։ Որպես վիրաբույժ՝ ո՞ր ձեռքբերումը կամ փոփոխությունն եք համարում հեղափոխական Ձեր մասնագիտության ոլորտում։
-Ընդհանրապես, վիրաբուժության մեջ, համենայնդեպս մեր սերունդի համար, ամենամեծ փոփոխությունը մեծ կտրվածքներից՝ բաց վիրահատություններից անցումն էր դեպի ավելի քիչ տրավմատիկ վիրաբուժության։ Դա ամենամեծ հեղափոխությունն է, որին ես ականատես եմ եղել ու իմ՝ որպես վիրաբույժի կայացման ընթացքում այդ պրոցեսը տեղի է ունեցել թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում։
Ուսանողական տարիներին իմ ուսուցիչները մեծ կտրվածքներ անող փայլուն վիրաբույժներ էին, որոնք ունեին ձեռքի շատ բարձր մակարդակի վարպետություն, և ես սովորել եմ նրանցից։ Հետո եկավ լապարոսկոպիայի դարաշրջանը, երբ մի քանի անցքով կարողանում էինք վիրահատել ու նույն արդյունքն ունենալ՝ ֆունկցիոնալ առումով, բայց դրա հետ մեկտեղ՝ հիվանդների շատ ավելի արագ ապաքինմամբ ու բարդությունների զգալի նվազումով։
Եվ վերջապես, 3-րդ փուլին հասանք արդեն՝ ռոբոտային վիրաբուժությանը, որը լապարոսկոպիայի ինչ-որ տարբերակ է, բայց է՛լ ավելի ճշգրիտ, է՛լ ավելի անվնաս հիվանդի համար՝ ավելի քիչ բարդություններով ու արագ ապաքինման հնարավորություններով։
Թ էլ ինչ կտեսնեմ ես իմ կյանքում, դժվարանում եմ ասել․․․
-Գուցե նանոռոբոտների՞։
-Այո, կան փոքր ռոբոտներ՝ էքսպերիմենտալ, որոնք ներմուծվում են որովայնի խոռոչ, և մանիպուլյատորը ներսում աշխատում է՝ դրսից կառավարվելով մարդու կողմից։
Ի դեպ, պացիենտները հաճախ են գալիս, ասում են՝ բժիշկ ջան, մենք Ձեզ ենք ընտրել, չենք ուզում ռոբոտը մեզ վիրահատի։ Նրանց ստիպված եմ լինում բացատրել, որ ես եմ վիրահատելու, ոչ թե ռոբոտը, թեև իրենք հակված են մտածելու, որ ռոբոտն ինչ-որ մի ուրիշ մանիպուլյատոր է, որն ինքնուրույն է կառավարում գործընթացը, սակայն դեռևս մենք ենք ռոբոտներին կառավարում, բայց կարող է գա ժամանակը, երբ ռոբոտներն արդեն ինքնուրույն էլ կվիրահատեն։
-Աստված մի արասցե, որ հարցս իրականություն դառնա, բայց կվստահեի՞ք, որ Ձեզ վիրահատեր այդպիսի մի ռոբոտ՝ առանց բժշկի միջամտության։
-Այս պահին, իհարկե, չէ, մտքովս անգամ չի անցնի, բայց տեխնոլոգիան այնպես է զարգանում, որ չես հասցնում իր ետևից, և երբ ապացուցողական տվյալներ լինեն, որ ռոբոտն ավելի լավ է վիրահատում, քան մարդը, արդեն կմտածենք այդ ուղղությամբ։
-Բժիշկ Ավոյան, լինելով մարդ, որը, պատկերավոր ասած, մի ամբողջ դարաշրջան է ապրել վիրաբուժության մեջ, ի՞նչ երազանք ունեք այսօր։
-Երազանքս եղել է միշտ լինել առաջատարը տեխնոլոգիական իմաստով, այսինքն՝ ունենալ ձեռքի տակ այն գործիքը, որով այսօր Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում ուրոլոգն աշխատում է։ Այդ մասին միշտ եմ երազել, ու, փառք Աստծո, կարծես թե ստացվել է՝ հաշվի առնելով ռոբոտային վիրահատությունները, որոնք այսօր իրականացնում ենք, ու որոնք այսօր տեխնոլոգիայի թոփն են, որից այն կողմ էլ բան չկա ուրոլոգիայում։
Մենք պրոֆեսոր Միխայիլ Մոսոյանի հետ, որին իմ ուսուցիչն եմ համարում, դեռ 2014 թ․-ից էինք երազում Հայաստանում ռոբոտիկ վիրաբուժությունը ներդնելու մասին։ Փորձում էինք, բանակցություններ վարում, շատ ու շատ ջանքեր գործադրում, սակայն չէր ստացվում, քանի որ Հայաստանին տվյալ ընկերությունը ռոբոտը չէր վաճառում։ Վերջիվերջո, երկար տարիներ անց կարողացանք ներդնել այդ համակարգը Հայաստանում, և դա իմ երազանքի իրականացում եմ համարում։
Իհարկե, էլի տեխնոլոգիաներ կան, որ կարող ենք երազել ունենալ, բայց հարցը միայն տեխնոլոգիաները չեն, նաև մեր միտքը պիտի փոխվի, կարողանանք փիլիսոփայական մի մոտեցումից անցնել մյուս մոտեցման, ինչպես որ բաց վիրահատությունից անցել ենք լապարոսկոպիայի, հետո՝ ռոբոտի, անընդհատ պիտի պատրաստ լինենք զարգանալու, քանի որ, ինչպես արդեն նշեցի, տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում։ Հիմա էլ մեր առջև մյուս փորձությունն է՝ արհեստական բանականությունը, և էլի փորձում ենք հետ չընկնել։ Այնպես որ, իմ երազանքները նաև գալիս են տեխնոլոգիաներից․․․
-Բժիշկ Ավոյան, անհնար է չտեսնել այն մեծագույն առաջընթացը, որն ունեցել է բժշկությունը մարդկության պատմության ընթացքում, բայց կյանքի, առողջ կյանքի համար պայքարի հարցն այսօր էլ արդիական է․ արդյո՞ք բժշկության զարգացումն, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ ավելի երկար ապրեն, ունենան իրենց համար երանելի առողջական վիճակը։
-Կարծում եմ՝ գնալով մարդիկ ավելի երկար կապրեն, որովհետև ողջ մարդկության պատմությունն է խոսում այդ մասին, որ այսպես թե այնպես մարդու կյանքի տևողությունը երկարում է, թեկուզ միայն եթե համեմատենք, ասենք, 18-րդ դարի հետ, կտեսնենք, որ հիմա ապրելիությունը շատացրել ենք, կյանքի տևողությունը՝ երկարացրել։ Բայց արդյո՞ք դա անվերջ գործընթաց է, չեմ կարող ասել, քանի որ սա ավելի շատ փիլիսոփայական հարց է։
Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ ինչքան էլ երկարացնենք մարդու կյանքի տևողությունը, մյուս կողմից մարդիկ անընդհատ ենթարկվում են տարբեր վնասակար ազդեցությունների, մեր էկոլոգիան չի լավանում, ընդհակառակը՝ էլ ավելի է վատանում, ու այսօր աշխարհի գլոբալ խաղացող երկրներում ինդուստրիան և բիզնեսը, բախվելով կլիմայական և էկոլոգիական խնդիրներն, առայժմ հաղթում են, և շատ քիչ երկրներ կան, ինչպիսին Նորվեգիան է, որ առաջնային ուշադրություն են դարձնում հանրային առողջության բարելավմանն ուղղված հարցերին։
-Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, կա՞ն արդյոք դրական կանխատեսումներ․ հարցս տալիս եմ՝ հաշվի առնելով, թե որքան են շատացել քաղցկեղի դեպքերը մեր երկրում ու երիտասարդացել հիվանդությունները։
-Մահացությունը մեզ մոտ պակասել է, մարդկանց կյանքի տևողությունը՝ երկարել։ Չգիտեմ՝ գուցե այստեղ պետպատվերն ու ապահովագրության ներդրումն է դեր խաղում, բայց հաստատ այն քանակի պացիենտներ, որ մենք ունեցել ենք այս տարի՝ ապահովագրության ներդրումից հետո, երբեք նման հոսք չի եղել, և կարծում եմ, որ գնալով բարելավվելու է հիվանդությունների, այդ թվում և քաղցկեղի տարբեր տեսակների վաղ հայտնաբերման վիճակագրությունը։
-Այստեղ կարևոր է նաև մարդկանց մոտեցումը, այնպե՞ս չէ։
-Այս հարցում մարդկանց, թերևս, կարելի է 2 խմբի բաժանել․ մարդիկ, որոնք գանգատ ընդհանրապես չունեն, իրենց համար ապրում են, բայց պարբերաբար անցնում են տարիքային տարբեր սքրինինգային հետազոտություններ, անալիզներ են հանձնում, գործիքային քննությունների ենթարկվում, և այդ մարդիկ հետագայում կարողանում են խուսափել ավելի բարդացած խնդիրներից, հիվանդությունների ուշացած փուլերից և այլն։
2-րդ խմբում այն մարդիկ են, որոնք արդեն ունեն գանգատներ, բայց ինչ-ինչ պատճառներով չեն գնացել բժիշկի, և երբ վերջապես դիմում են, ասենք, արյունամիզության գանգատով, հարցուփորձի ժամանակ պարզվում է, որ արդեն 5 տարի է ՝ ունեն այդ խնդիրը, որը մեկ եղել, մեկ չի եղել, և պացիենտը դիմել է բժշկի միայն այն ժամանակ, երբ սկսել է արյունահոսել։
Ցավոք, ստիպված ենք լինում այդպիսի պացիենտներին բացատրել, որ 5 տարի առաջ իրենց մոտ ընդամենը միզապարկի փոքր գոյացություն է եղել, իսկ հիմա ստիպված ենք տասը սանտիմետրանոց քաղցկեղով միզապարկը հեռացնել՝ ոչ այնքան դրական կանխատեսումների պայմաններով։ Լավն այն է, որ հիմա այս խումբը սկսել է պակասել։
-Որպես ուրոլոգ՝ թե առաջին, և թե երկրորդ խմբի մարդկանց ի՞նչ ընդհանուր խորհուրդներ կարող եք տալ, որոնք կօգնեն, որ հնարավորինս սակավ նրանք Ձեզ այցելեն։
-Հրաժարվել վնասակար սովորություններից, ծխելուց, մեծ քանակով ալկոհոլ օգտագործելուց, նստակյաց կյանքից, շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից։ Կուզեմ նաև առանձնացնել, որ ավելի զգոն պետք է լինեն այն տղամարդիկ, որոնք ունեն երիկամի, շագանակագեղձի հիվանդությունների ժառանգականության էլեմենտներ, եթե ընտանիքում ունեցել են քաղցկեղի կամ միզաքարային հիվանդությունների դեպքեր, ուրեմն ավելի ուշադիր պետք է լինեն ընդունվող հեղուկների քանակին, մանավանդ որ մենք միզաքարային հիվանդությունների էնդեմիկ զոնա ենք համարվում։ Պարբերաբար պետք է հսկեն մեզի որակը և երիկամների տեսքը։ Եթե ընտանիքում քաղցկեղի դեպք է եղել, ուրեմն այդ ուղղությամբ սքրինինգներին պետք է ավելի խիստ հետևեն։ Իսկ մնացածը՝ առողջ ապրելակերպ, մաքուր օդ և իհարկե, շարժում։
-Բժիշկ Ավոյան, մեր զրույցի սկզբում ասացիք, թե որքան է Ձեզ տանջում այն, որ երբեմն անզոր եք լինում օգնել պացիենտին, իսկ ի՞նչ եք զգում, երբ փրկում եք նրան, փրկում եք նրա կյանքը․․․
-Երևի էյֆորիա․․․ Ես երբևէ թմրանյութ չեմ փորձել, բայց, կարծում եմ, նման մի զգացողություն է, թերևս` ավելի ուժեղ, էմոցիոնալ, էյֆորիկ վիճակ, երբ աշխարհի գույները փոխվում են, դառնում ավելի վառ․․․ Հենց այդ պահերն էլ ոգեշնչում են, որ շարունակես առաջ գնալ՝ ավելի ու ավելի շատ մարդկանց օգնելու համար․․․
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: