ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ուժի մեջ է մտել Կառավարության որոշումը, որով 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրական տրանսպորտային միջոցի ներմուծման հնարավորություն է նախատեսվում։ Դրանցից 500-ը կհատկացվի անմիջապես ավտոարտադրողի հետ դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագիր ունեցող ներմուծողներին, իսկ 4500-ը՝ անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական և ֆիզիկական անձանց։
«Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 1234-Ն որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովումը։
Մաքսատուրքի արտոնությամբ տրամադրվող լրացուցիչ 5000 միավորից՝
500 միավորը նախատեսվում է հատկացնել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին
4500 միավորը նախատեսվում է հատկացնել անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։