Ներկայում Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան՝ Կիևի դիրքորոշման պատճառով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այս պահին խաղաղ կարգավորման վերաբերյալ լավատեսության նախադրյալներ չկան՝ Կիևի ռեժիմի դիրքորոշման պատճառով։ Առաջնագծում դինամիկան լավ հայտնի է։ Պետության ղեկավարը և Գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս խոսել են դրա մասին։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», – ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն փորձում են նպաստել հակամարտության կարգավորմանը։ Նրա խոսքով՝ նման երկրները քիչ են, այդ պատճառով նրանց ջանքերը կարևոր են։
ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հնարավոր այցի վերաբերյալ Պեսկովը նշել է, որ նրանք միշտ ցանկանլի զրուցակիցներ են իրենց ռուսաստանցի պաշտոնակիցների համար, սակայն ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր այցի հստակ ժամկետ առայժմ չկա։