Հայաստանը պետք է այնպիսի քաղաքական կուրս վարի, որ չվտանգի Ռուսաստանից ստացվող արտահանման եկամուտները։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը նշեց, որ իր ղեկավարած խմբակցությունը սահմանած քվոտայով հատուկ է ընտրել եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը և նախագահի թեկնածու առաջադրել, քանի որ կարծում է, որ իշխանությունները շատ սխալներ են թույլ տալիս ԵՄ–ի հետ իրենց արտաքին քաղաքականության մեջ:
Մասնավորապես, ըստ նրա` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մշտապես հայտարարում է ԵՄ–ի հետ մերձեցման անհրաժեշտության մասին, սակայն մինչ օրս չի ապահովել դատարանների անկախությունը, չի սահմանել ապրանքների որակի չափանիշներ, իսկ դեպի Եվրամիություն արտահանումը չի զարգանում: Կարապետյանը հիշեցրեց, որ 2025 թվականին այն աճել է միայն պղնձի համաշխարհային գների աճի հաշվին։
«Մյուս կողմից Ռուսաստան ապրանքների և ծառայությունների արտահանումից մենք 2025 թվականին ստացել ենք 3,2 մլրդ դոլար, և ես չեմ ուզում, որ մենք կորցնենք այդ եկամուտները, իսկ մյուսները ստանան մեր փոխարեն։ Ինչ վերաբերում է ԵՄ–ին, ապա այս դեպքում ընդամենը ստացել ենք 600 մլն դոլար շահույթ»,– հայտարարեց Կարապետյանը` ավելացնելով, որ երկու տարվա համեմատությամբ դեպի ԵՄ ապրանքների արտահանումները երկու անգամ իջել են։
Նա նշեց, որ պարտադիր չէ Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, որպեսզի հնարավոր լինի ապրել եվրոպական չափանիշներով։
Կարապետյանը հիշեցրեց Նորվեգիայի կամ Շվեյցարիայի օրինակը, որոնք որպես պետություն տնտեսապես առավելագույնս ինտեգրված են ԵՄ–ի հետ, սակայն քաղաքական նկատառումներով չեն մտնում ԵՄ կազմ։
Նրա համոզմամբ` մեր երկրի դեպքում քաղաքական–տնտեսական որևէ ուղղություն ընտրելիս պետք է հաշվի առնել, թե որքանով է այն համապատասխանում մեր շահերին և թե այս կամ այն ընտրության դեպքում հարված կստանանք, թե ոչ։
Sputnik Արմենիա