«Կուզեի հիմա թվարկել քաղբանտարկյալներին անուն առ անուն, ցավոք չեմ կարող, որովհետև երեկ մի հաշվարկի արդյունքի մասին իմացա, որ 2018 թվականից առ այսօր մենք ունենք մոտ 10000 բռնաճնշումների ենթարկվող քաղբանտարկյալներ»,- Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի և մյուս քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա նշեց՝ խոսքը մի երկրի մասին է, որի իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է. «Ստացվում է, Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության բաստիոնում կա 10000 քաղբանտարկյալ, հետևաբար ես չեմ կարող թվարկել անուն առ անուն, սակայն ես այս պահին ուզում եմ առանձնացնել հատկապես կին քաղբանտարկյալներին, որոնք ենթարկվում են հետապնդումների, որոնք բռնաճնշումների են բնականաբար ենթարկվում»:
Անդրադառնալով Լիդիա Մանթաշյանի դեմ բռնաճնշումներին Հակոբյանը նշեց, որ նրա դեմ հետապնդումները շարունակվում են և արդարություն հաստատված չէ։
«Ուզում եմ առանձնացնել այս պահին Արեգնազ Մանուկյանին, որը ևս կալանավորված է, և սա աբսուրդ է և ժողովրդավարություն հայտարարած երկրում կնոջը պատժում են՝ կտրելով ընտանիքից, կալանավորելով, բռնաճնշումների ենթարկելով և հնարավորություն չտալով շփում անչափահաս երեխայի հետ:
Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել իր երեխայի հետ տեսակցել: Այստեղ որևէ արդարության մասին խոսք չկա: Հետևաբար այստեղ ողջունելու ոչինչ չկա, որովհետև երեխան իր ծննդյան օրը չի կարող ուրախանալ: Սա ուրախություն չէ, սա չգիտեմ հերթական դերասանությունն է, որ այս իշխանությունները փորձում են այսպես ժողովրդին էլի մանիպուլացնել իբրև թե տեսեք՝ իրենք ժողովրդավար են»,- նշեց Հակոբյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը բռնապետական երկիր է և այստեղ մարդիկ կալանավորվում են ոչ թե հանցանք, գործելու համար, այլ ընդամենը այլ կարծիք ունենալու:
«Այսօր այստեղ պաստառների վրա մեր ընկերները կալանավորված են և շատ-շատ հազարավոր մարդիկ բռնաճնշումների ենթարկվում լոկ այն պատճառով, որ չեն ընդունում Հայաստանի ապամոնտաժման քաղաքականությունը այս իշխանությունների կողմից, որ չեն համակերպվում Արցախը որպես հայրենիք չունենալու մտքի հետ: Հետևաբար այս մարդիկ ընդամենը դատապարտված են, որովհետև իրենք ընդամենն ուզում են հայրենիք ունենալ»,- իր խոսքն ուղղելով ԵՄ ներկայացուցչությանը և դեսպանատների աշխատակիցներին՝ ասաց Մետաքսե Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։