Ազգային ժողովն այսօր շարունակում է քննարկել ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնի համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։
«Մեկ կախվածությունը մեկ կենտրոնից միշտ հղի է ռիսկերով, միշտ պետք է ունենաս դիվերսիֆիկացիա, առավել եւս՝ տնտեսական դիվերսիֆիկացիա։ Այսօր էլ մեր գյուղացիները բախվում են այն խնդրին, որ հենց դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով ստիպված են ճանապարհ փակել»,- պատասխանալով պատգամավորների հարցերին՝ ասաց Արեգա Հովսեփյանը։
Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ նա ասաց․ «Համոզված եմ, որ մեր անվտանգության առաջին բաղադրիչը հենց ուժեղ, հզոր հայկական բանակն է։ Եվ մեր առաջնային գործողությունները պիտի լինեն հենց արդիական, ուժեղ բանակ ունենալուն ուղղված։ Անվտանգության բաղադրիչները կարող են համալրվել նաեւ այլ գործիքակազմերով, այդ գործիքակազմերն ինչքան արդյունավետ լինեն, այնքան ավելի ձեռնտու է ՀՀ-ին եւ ՀՀ քաղաքացուն»։
Մանրամասները՝ տեսանյութում.
ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարցրեց․ «Հիշեք ժողովրդական ասույթը, որ ուղիղ խոսքն էշին են ասում։ Դուք շատ ուղիղ ակնարկով ասում եք, որ անհնար է եվրաինտեգրումը, որովհետեւ մեր Արեւմուտքում Հունաստանը չէ, Թուրքիան է։ Ո՞նց եք վերաբերվում ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքին։ Եվ եթե լինի հանրաքվե, ինչպիսի՞ դիրքորոշում կարտահայտեք»։
Արեգա Հովսեփյանն ասաց․ «Իմ ամբողջ ելույթը հենց Եվրաինտեգրման կարեւորության մասին էր, եւ հիմա դուք պնդում եք, որ մենք դեմ ենք այդ ինտեգրմանը։ Երբ խոսում եք օրենքի մասին, մենք փաստացի ունենք մի իրավիճակ, երբ ունենք մեկ տողանոց օրենք՝ առանց հիմնավորումների եւ ունենք մի իրավիճակ, երբ գործադիրի ղեկավարն ասում է, որ այդ օրենքում ներառված բովանդակությունն այսօր այլընտրանք չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը հարցրեց․ «Ձեր քաղաքական ուժը ընկալվում է որպես պրոռուսական։ Երբ դուք որոշեցիք ընտրել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը եւ առաջադրվել, ակնհայտորեն ձեր պրոռուսական համբավը չի սպասարկելու ՀՀ լավագույն շահը՝ այդ հանձնաժողովը վերցնելով եւ նախագահելով։ Հետեւաբար՝ ո՞ւմ շահն եք դուք պատրաստվում սպասարկել՝ ստանձնելով Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։
«Նախ կառաջակեի խուսափել պիտակավորումներից՝ պրոռուսական համբավ եւ այլն, եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, լավ տեղ չի հասնելու»,- արձագանքեց Արեգա Հովսեփյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հարցրեց․«Եթե այսօր՝ հենց հիմա լիներ հանրաքվե, հարց՝ ՀՀ-ն միանում է ԵՄ-ին, Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, ինչպե՞ս դուք կդիրքավորվեիք որպես քաղաքական ուժ եւ անհատ։ Մենք սահմանել ենք կոնկրետ սանդղակ ԵՄ ինտեգրման համատեքստում։ Եվ եթե դուք եկել եք ի պաշտոնե այդ սանդղակն իջեցնելու, իմ համար շատ հստակ է այդ որոշումը, ես ուզում եմ կոնկրետ լսել, որ դուք կողմ եք միանալ ԵՄ-ին»։
«Խնդրում եմ՝ տրամադրեք ինձ համապատասխան տնտեսական, ֆինանսական, անվտանգային, իրավական բոլոր վերլուծությունները, որոնց հիմքում կա ՀՀ շահը, այդ մասին հանձնաժողովում նստենք քննարկենք, եւ եթե դա իսկապես բխում է Հայաստանի շահերից, մենք տարաձայնություն չենք ունենա այդ հարցում։ Այդ վերլուծություններն այսօր առկա չեն, այս հարցը միայն մեկ հանձնաժողովի որոշելիք հարցը չէ։ Մենք կողմ ենք Եվրաինտեգրմանը, Եվրաինտեգրման ավելի բարձր սանդղակին ենք կողմ, բայց եթե խոսքը գնում է հանրաքվեի մասին, մենք կողմ ենք որոշակիությանը»,- ասաց Արեգա Հովսեփյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: