Գալյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը, այդ թվում՝ TRIPP-ի իրականացման համատեքստում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է Դեյվիդ Ալենին Արդարադատության նախարարություն այցի համար և բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը։

Նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացումը՝ այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման համատեքստում։

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակի կողմից իրականացվելիք ծրագրի շրջանակներում:

Անդրադառնալով արդարադատության ոլորտի առաջնահերթություններին՝ Սրբուհի Գալյանը կարևորել է արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակումը, որտեղ, ի թիվս այլնի, հասցեագրվելու են կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և դատաիրավական համակարգի բարեփոխումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտներին, իրավական փոխօգնությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Սրբուհի Գալյանը Դեյվիդ Ալենին հրավիրել է նաև սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ամենամյա «Արբիտրաժային շաբաթ» միջոցառմանը։

Իր հերթին Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ հետաքրքրություն հայտնելով ոլորտի հետագա զարգացման և հնարավոր համագործակցության ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment