Ինչի՞ դիմաց է գործարար Նարեկ Նալբանդյանը վճարել Հովիկ Աբրահամյանի 25 միլիոն դրամի չափով գրավը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանն է իր գրավը՝ 25 մլն դրամի չափով վճարել:

«Մարդկային ընկերական հարաբերությունների համար: Ինքն իմացավ, որ ըտենց որոշում է կայացվել դատարանի կողմից, ինձ առաջարկեց, ասեց` հաշվի առնելով մեր բարեկամությունը, ընկերությունը, մտերմությունը, թող էս մի հարցը ես լուծեմ։ Ես էլ համաձայնեցի, ասեցի՝ շնորհակալ եմ, Նարեկ ջան»,- ասաց Աբրահամյանը՝ պարզաբանելով, թե ինչի դիմաց է Նարեկ Նալբանդյանը վճարել գրավը:

Լրագրողի հարցին՝ այդ բարեկամության արդյունքո՞ւմ կալանքի տակ գտնվող ձեր առանձնատունը մի գիշերվա մեջ վաճառեցիք Նարեկ Նալբանդյանին, Աբրահամյանը պատասխանեց՝ նման բան չի եղել. «Դու բոլոր հրապարակումներին լուրջ մի վերաբերիր»:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր Հովիկ Աբրահամյանի գործով դատական նիստ էր: Նա մեղադրվում է՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment