Անգլիայի որոշ շրջաններում 1995 թվականից ի վեր առաջին անգամ սաստիկ երաշտ է սկսվել

Անգլիայի մի շարք շրջաններում 1995 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է սաստիկ երաշտ։ Կառավարությունն ուժեղացնում է արտակարգ իրավիճակների պլանավորումը, քանի որ ջրամբարներում ջրի մակարդակը զգալիորեն իջել է սեզոնային նորմայից, գրում է Bloomberg-ը։

Կորնուոլի, Դևոնի, Դորսեթի, Սոմերսեթի, Արևելյան Սասեքսի և Արևմտյան Սասեքսի շրջանները տեղափոխվել են երաշտի ամենաբարձր մակարդակի կատեգորիա, հայտնել է կառավարությունը։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը նաև հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում բնակչության ջրամատակարարումը գերակա համարել բնապահպանական պահանջների նկատմամբ։ Դա թույլ կտա ջրամատակարարման ընկերություններին ջրամբարներում ավելի մեծ ծավալի ջուր պահպանել։

Սաստիկ երաշտի հայտարարումը նշանակում է, որ Անգլիայում ջրային ճգնաժամը կտրուկ խորանում է։ Դրան նախորդել են դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամառն ու մի քանի ամիս շարունակ տեղումների անոմալ ցածր մակարդակը։ Ծայրահեղ շոգը անտառային հրդեհների պատճառ է դարձել և վնասել բերքը։ Այն նաև բացահայտել է ջրամատակարարման համակարգի խնդիրները, որը դեռ մինչ այդ տառապում էր ջրի արտահոսքերից և մատակարարման խափանումներից՝ պահանջարկի կտրուկ աճի պայմաններում։

Բնակելի տների ջրամատակարարումն առայժմ չի ընդհատվում, սակայն գործում է այգիները ջրելու համար ճկուն խողովակների օգտագործման արգելք։ Նախարարները կարգադրել են ամեն օր հետևել ջրամբարների և գետերի վիճակին, ինչպես նաև խստացնել ջրառի նկատմամբ վերահսկողությունը։

Արևմտյան Սասեքսի Արդինգլի ջրամբարը լցված է ընդամենը 19%-ով, իսկ Սոմերսեթի Ուիմբլբոլ ջրամբարը՝ 16%-ով։ Տարվա այս ժամանակահատվածում սովորաբար ակնկալվում է շուրջ 75% լցվածություն։

Վերջին անգամ սաստիկ երաշտն Անգլիայում գրանցվել էր 1995 թվականին, երբ տուժել էր Յորքշիրը։ Դևոնում նման պայմաններ չէին դիտվել՝ 1976 թվականից ի վեր։

Leave a comment