«Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պետք է լինի պրոֆեսիոնալ խորհրդարանակ կառույց, որի գործունեությունը պետք է ծառայի Հայաստանի շահերին»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանը, ում թեկնածությունն առաջադրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Նա նշեց, որ հանձնաժողովում իր գլխավոր առաքելությունը համարելու է իրապես անկախ և խստապահանջ վերահսկողության հաստատումը։ Ա. Հովսեփյանն ընդգծեց, որ հանձնաժողովն այլևս չպետք է լինի գործադիրի կցորդը, այլ լինի այն կառույցը, որը քայլ առ քայլ, հոդված առ հոդված ստուգելու է կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
«Եվրոպական ինտեգրումը ոչ ընդդիմության, ոչ իշխանության օրակարգը չի կարող լինել, այն Հայաստանի օրակարգը պետք է լինի, եթե գործադիրի քաղաքականության մեջ լինի հստակ որոշում։ Այդ որոշումն էլ պետք է լինի հիմնված Հայաստանի շահի պրոֆեսիոնալ, խորը, համապարփակ վերլուծության վրա։ Սա ճաշակի և լոզունգների հարց չի կարող լինել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ այսօր Հայաստան-ԵՄ հարաբերությունները նկատելիորեն ակտիվացել են։
«Արձանագրենք, որ դուք ստացել եք անցած տասնամյակների ընթացքում ձևավորված Հայաստան-Եվրամիություն համագործակցության տրամաբանության մեջ հարուստ իրավապայմանագրային բազա, որը որոշակիորեն հարստացվել է ձեր օրոք։ Բայց իրական արժեքը որոշվում է ոչ թե ստորագրված փաստաթղթերի քանակով, այլ կատարման մակարդակով, Հայաստանի համար գործնական արդյունքով»,- ասաց Արեգա Հովսեփյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։