«Հիմա երեւի հատուկ են խոսում բարեվարքության մասին, բայց կա մի հայտնի արտահայտություն՝ հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա: Որքան էլ Ռուբեն Ռուբինյանը փորձի բարեվարքության մասին խոսել իրենց Ազգային ժողովում, արդեն նկատելի է, որ եւ ԱԺ-ում, եւ դրանից դուրս բարեվարքությունը վերածվել է չարավարքության, նենգավարքության: Թիրախավորման առարկա էր դարձել «սրիկայաբար» մակբայը, որն օգտագործել էր Էդգար Ղազարյանը: Ընդ որում՝ սրիկայաբար նշանակում է սրիկայի ձեւով: Այսինքն, Էդգար Ղազարյանը ՔՊ խմբակցությանը չէր անվանել սրիկա, այլ ասել էր՝ սրիկայաբար այսպես վարվեցիք, որի զոհերից մեկը Աղաջան Ջանոյանն էր»,- «Հայելի» ակումբում ասաց Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:
«Որքան խորանում է անդունդը, որը բաժանում է բարեվարքությունը չարավարք մարդկանցից, այդքան իրենք ավելի շատ են գոռգոռում ու ներողություն պահանջում: Երեւի ԱԺ-ն ամեն դեպքում շահել է, որ Ալեն Սիմոնյանն այնտեղ չի գտնվում: Կա չարյաց նվազագույնի սկզբունքը, մյուս կողմից՝ իմ կարծիքով, անվտանգության խորհուրդը հիմա ծայրագույն իրավիճակում է:
Անկախ իմ հակակրանքից, բացարձակ մերժումից՝ Արմեն Գրիգորյանի կողմից ղեկավարված մարմնի քաղաքականության հանդեպ, երբեւէ չեմ հիշում մի դեպք, որ ՀՀ ԱԽՔ որեւէ քարտուղար՝ ներառյալ Արմեն Գրիգորյանը, որը եկավ հեղափոխությունից հետո, նման կերպ բերանը բացեր եւ անդրադառնար ներքին քաղաքականության խնդիրներին: Չնայած տարբեր բաներ են ասում, թե ինչպես էր ինքը դիմավորում ադրբեջանցի պաշտոնյաներին, այն դեպքում, երբ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում խոշտանգվում են, բայց ինքը երբեք թույլ չի տվել իրեն իջնել նման մակարդակի եւ նման ձեւակերպումներով խոսել իր ընդդիմախոսների մասին»,- ասաց Նարինե Դիլբարյանը՝ Ալեն Սիմոնյանի պահվածքի, թքելու եւ նրա օգտագործած բառամթերքի վերաբերյալ անդրադարձի ժամանակ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: