Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փոսերի առաջացման վերաբերյալ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր պատճառներ է հայտնել։
Նշենք, որ մեկ օր առաջ՝ փետրվարի 9-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ ձյան ժամանակ աղ-ավազով աշխատանքներ անելու պատճառով փողոցներում խնդիրներ են առաջացել։ Վստահեցրեց՝ այժմ փողոցներում մեծ քանակությամբ աղ կա, ինչը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում մաքրել, որպեսզի փոսալցման հետ կապված նաև մեծ ծավալի աշխատանքներ կատարվեն։
«Ձնամաքրման աշխատանքներից հետո ասֆալտի հետ կապված խնդիրներն առաջացել են այն հատվածներում, որտեղ կոյուղի ու ջրագիծ է անցկացվել։ Այսինքն՝ ասֆալտի նկատմամբ արդեն իսկ միջամտություն է տեղի ունեցել։ Խնդիր է առաջացել նաև այն հատվածներում, որտեղ ասֆալտի հիմնանորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ տևական ժամանակ չեն իրականացվել»,- ասաց Ավինյանը։
Այնուամենայնիվ նշեց, որ աղի պատճառով էլ է խնդիրներ առաջացել։ Հիշեց, որ նախորդ տարի ասֆալտի վիճակն այսքան վատ չի եղել, քանի որ դեկտեմբերից մինչև 2026 թվականի հունվարը ներառյալ ռեկորդային ծավալներով աղ է օգտագործվել։
Sputnik Արմենիա