Այսօր լրագրողները Գյումրի այցելած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցին, թե գտե՞լ են նոր օպերատոր, որին հանձնելու են ՀԷՑ-ի հետագա շահագործումը և կա՞ արդյոք գնային առաջարկ։
«Հիմա ՀԷՑ-ը գտնվում է պետականացման վերջին փուլում, երբ որ այդ փուլն ավարտվի և պետությունն ամբողջությամբ դառնա ՀԷՑ-ի սեփականատեր, ինչպես վարչապետը կառավարության նիստերից մեկում հայտարարեց, մենք քննարկում ենք օպերատոր ներգրավելու հարց այն տրամաբանությամբ, որ պետությունն այնտեղ կպահպանի որոշակի բաժնեմաս, որը մեզ հնարավորություն կտա որպես կրիտիկական նշանակության ենթակառուցվածք՝ կառավարման պրոցեսներում մանդատ ունենալ և մաս կազմել։ Այս պահին առկա տեղեկատվությունը դա է։
Քանի դեռ պետականացման գործընթացը հաջողությամբ չենք ավարտել, իսկ ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց հաջողությամբ ավարտած կլինենք, չենք կարող քննարկել և այլ մանրամասներ ասել մեր աշխատանքից»։
Դավիթ Խուդաթյանն ասաց, որ հստակություն չկա, թե ով կլինի ՀԷՑ-ը շահագործող օպերատորը, սակայն, ըստ նրա, պետականացման գործընթացը ավարտելուց հետո կքննարկեն պատշաճ ծառայությունները մատուցող միջազգային օպերատորի ներգրավման տարբերակները՝ այն տրամաբանությամբ, որ պետությունն այնտեղ որոշիչ դերակատարություն կունենա ամբողջ կառավարման ընթացքում։
Ռուսական կողմին կոնցեսիոն կառավարման հանձնած հայկական երկաթուղին էլ հետ վերցնելու վարչապետի հայտարարության հետ կապված, Դավիթ Խուդաթյանն ասաց․ «Նոր իրավիճակ այնտեղ չունենք, իրավիճակն այն է, ինչի մասին նախորդիվ հայտարարվել է։ Մեզ համար երկաթուղին էլի առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածք է, մենք այնտեղ որոշակի հատվածներում հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ ենք պլանավորում։
Ախուրիկի հատվածի մասով նախագծման աշխատանքների մրցութային գործընթաց ենք հայտարարել և այդ տրամաբանության մեջ շարունակում ենք այս պահին առաջնորդվել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: