Ազգային ժողովում տեղի ունեցած ելույթի ժամանակ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ 2018 թվականի հեղափոխությունից հետո որդեգրած քաղաքականությանը և խոստովանեց, որ իշխանությունը սխալվել է՝ ժամանակին օրենսդրական արգելքներ չսահմանելով նախկին իշխող ուժերի համար։
Պատգամավորը հիշեցրեց, որ 2018-ին իրենք փորձեցին ապաքաղաքականացնել բուհերը՝ խորհուրդների նախագահներ նշանակելով ոչ իշխանական թեկնածուների։ Սակայն, ըստ նրա, նախկին «քաղաքական հայրերը» օգտագործեցին այդ առիթը բուհերը նորից զավթելու համար։
«Մենք բուհերի այն տրամաբանությունը, որ դրել էինք 2018 թվականին, փոխեցինք, որպեսզի բուհերը փրկենք զավթումից»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ ներկայիս վիճակը ժամանակավոր լուծում է։
Նրա պնդմամբ՝ ընդդիմադիր ուժերին պետք է «անգրագետ մասսա», որին հնարավոր է կաշառքով գնել, այդ պատճառով էլ նրանք փորձում էին խափանել բարեփոխումները։
Անդրադառնալով սպորտի ոլորտին՝ Արայիկ Հարությունյանը թվեր ներկայացրեց. կապիտալ ծախսերը 2017-ի 735,000 դրամից հասել են 4.9 միլիարդի։ Սակայն նա մտահոգություն հայտնեց սպորտի «օլիգարխացման» վերաբերյալ՝ թիրախավորելով ՀԱՕԿ-ը։
«ՀԱՕԿ-ը… ինչպես Հայ առաքելական եկեղեցին… ամենաանթափանցիկ կառույցներից մեկն է։ Ինչքան գրություն ուզում ես գրի, որևէ պատասխան չկա, թե ինչպես են կատարվում ծախսերը»,- հայտարարեց նա։
Վերջում Հարությունյանը ափսոսանք հայտնեց, որ 2018-ին քաղաքական վճռականություն չեն դրսևորել նախկինների հանդեպ։
«Պետք է նախկին իշխանությանը գնահատական տայինք և օրենքով արգելեինք պետությունը զավթած կուսակցություններին, որպեսզի հիմա մեզ ազատեինք այն տեսակի քաղաքական ուժերից, որոնք գոյություն ունեն»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան