Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խութադյանը։ Նա Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Գյումրու՝ սուբվենցիոն և պետական միջոցներով վերանորոգվող մի քանի փողոցներում, եղավ համայնքի երկու մանկապարտեզներում ու Գյումրու ամենամեծ թաղամասերի ՝ Անիի և Ավստրիականի փողոցների՝ ՎԶԵԲ ծրագրով վերանորոգման շուրջ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում։
Նախարարը եղավ նաև Գյումրու Շիրակացի փողոցում, որը տևական ժամանակ է՝ վերանորոգվում է, սակայն վերջն այդպես էլ չի երևում։ Սա բանուկ փողոց է, և ձգձգվող վերանորոգումը քաղաքի բնակիչներին մեծ անհարմարություններ է պատճառել․ թիվ 22 երթուղուց օգտվողները դրա պատճառով մեծ գլխացավանքի մեջ են ընկնում․ միկրոավտոբուսների վարորդները ստիպված են փոխել երթուղին, երկարացնել ճանապարհը, որն այնքան էլ անվտանգ չէ, պահ կա, երբ թվում է, թե միկրոավտոբուսն ուր որ է շուռ է գալու։
Դավիթ Խուդաթյանը հենց Շիրակացի փողոցում էլ պատասախանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին թե՛ փողոցաշինությանը, թե՛ Գյումրիում նոր ՏԻՄ ընտրություն անցկացնելու մտադրությանը, թե ՀԷՑ-ի պետականացմանը, Անիի կամուրջի վերոնորոգմանը․․․
Նախարարը բավական երկար զրույց ունեցավ։
Նա տեղեկացրեց, որ Գյումրիում սուբվենցիոն և պետական ֆինանսավորմամբ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում, մասնավորապես փողոցաշինություն է իրականացվում, երկու տասնյակից ավելի փողոցներ են ընդգրկված ծրագրերում։
Նախարարը նաև ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում 25 կիլոմետր ճանապարհի նորոգում ու հիմնանորոգում է նախատեսնում։ Դրանց մի մասն արդեն մեկնարկել է։
Անդրադառնալով Գյումրու Շիրակացի փողոցում ընթացող շինարարությանը՝ նախարարն ասաց․ «Շիրակացի փողոցը ևս ճանապարհային դեպարտամենտի պատվերով է վերանորոգվում՝ կառավարության ֆինանսավորմամբ, ՀՀ պետական բյուջեից, սա թերևս այն շինաշխատանքներից է, որի տեմպերը որոշակի ժամանակ դանդաղել էին՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներով՝ պայմանավորված ենթակառուցվածքներով՝ կոյուղի և այլն, հիմա այդ աշխատանքները ևս մեծ ծավալով ընթանում են։
Շուրջ մեկ ամիս է՝ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, և մենք մոտավորապես երկշաբաթյա ժամկետում կանցնենք արդեն ասֆալտապատման աշխատանքներին, առնվազն ներքին շերտի ասֆալտապատումն այս տարվա ընթացքում ավարտած կլինենք։Կապված եղանակային պայմանների հետ՝ կքննարկենք նաև վերին շերտի տեղադրման աշխատանքները։ Գյումրիում բնակլիմայական պայմաններն աշնանն այնքան էլ բարեհաճ չեն, բայց այնուամենայնիվ ներքին շերտը կանենք այս տարի և կքննարկենք նաև վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։
Ինչ վերաբերում է որակին, այնտեղ, որտեղ որակական խնդիրներ են արձանագրվել, ամբողջ հանրապետությունում շտկել ենք, հիմա նաև կառավարության որոշման նախագիծ ենք շրջանառել, որով պետական համաֆինանասավորման ծրագրով իականացվող աշխատանքների մասով պետական լաբորատորիայի փորձարկումները պարտադիր պայման են դարձել, այս դեպքում էլ բյուջեից համաֆինանսավորումը տալու ենք բացառապես պետական լաբորատորիայի դրական եզրակացության դեպքում»,-ասաց նախարարը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: