Քաղաքականություն
17.08.2026 | 18:31
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Քննարկվել են Հայաստանի քաղաքական մթնոլորտը, խորհրդարանական աշխատանքները, դատաիրավական համակարգի խնդիրներն ու կրթության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը։
«ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն օգոստոսի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Նարեկ Կարապետյանին՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ։
Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացումը։
Նարեկ Կարապետյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի քաղաքական մթնոլորտը՝ խոսելով խորհրդարանական աշխատանքների մասին։
Քննարկման առանցքում են եղել առկա մարտահրավերներն ու դատաիրավական համակարգի խնդիրները։ Ի թիվս այլ ոլորտների՝ առանձնակի ընդգծվել է կրթական համակարգի զարգացման անհրաժեշտությունը»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։