Վերջին շրջանում հաճախացել են քաղաքացիներին կասկածելի ֆինանսական գործարքներում ներգրավելու դեպքերը, ինչի կապակցությամբ Կենտրոնական բանկը զգոնության կոչ է արել։
Մասնավորապես, աճել է այն դեպքերի թիվը, երբ հանցագործները քաղաքացիներին ներքաշում են կասկածելի ֆինանսական գործարքների մեջ՝ կիրառելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները, ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը։ Դրանք օգտագործվել են հանցավոր եղանակով ձեռք բերված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումը և շահառուներին քողարկելու նպատակով։ Նման գործարքներում միջնորդի դերում ներգրավված անձանց հաճախ անվանել են «դրածո միջնորդներ»։
Կենտրոնական բանկից հայտնում են, որ «Դրածո միջնորդ» կարող է դառնալ ցանկացած անձ՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով, որ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ։ Հանցագործները հնարավոր միջնորդներին հաճախ գտնում են սոցցանցերի, հաղորդագրությունների, աշխատանքի հայտարարությունների կամ առցանց ծանոթությունների հարթակների միջոցով՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ՝ առանց աշխատանքային փորձի կամ մասնագիտական որակավորումների։
Ամենատարածված առաջարկներից են՝
- սեփական հաշիվներին, քարտերին կամ էլեկտրոնային դրամապանակին գումար ստանալը,
- ստացված միջոցներն այլ անձանց փոխանցելը կամ կանխիկացնելը,
- սեփական հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների մուտքի տվյալները երրորդ անձանց փոխանցելը։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ձեր բանկային քարտին, հաշիվներին կամ էլեկտրոնային դրամապանակին հասանելիությունն ուրիշներին տրամադրելը, ինչպես նաև դրանց օգնությամբ այլ անձանց դրամական միջոցներ փոխանցելը կարող է հանգեցնել փողերի լվացման կամ այլ հանցավոր գործունեության մեջ Ձեր ներգրավմանը։ Այդպիսի քայլերը կարող են իրավական հետևանքների պատճառ դառնալ նույնիսկ այն պարագայում, երբ դրանց համար որևէ վարձատրություն չեք ստացել կամ ամբողջությամբ չեք հասկացել տվյալ սխեմայի իրական նպատակը։
Պաշտպանվելու համար անհրաժեշտ է՝
- չընդունել նման առաջարկներ, որոնց դեպքում Ձեզանից պահանջվում է կիրառել Ձեր հաշիվները, էլեկտրոնային փողի դրամապանակները կամ քարտերը,
- չստանալ, չփոխանցել և չկանխիկացնել ուրիշներին պատկանող դրամական միջոցներ,
- որևէ պարագայում այլ անձանց չփոխանցել Ձեր քարտի տվյալները, հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, մեկանգամյա հաստատման կոդերը կամ հեռավար մուտքի հնարավորությունը,
- նման առաջարկ ստանալու դեպքում զգոնություն ցուցաբերել և հրաժարվել դրանից։
ԿԲ-ից հիշեցնում են՝ ձեր հաշիվները և ֆինանսական գործիքները նախատեսված են բացառապես անձնական օգտագործման համար։ Դրանց տրամադրումը կամ օգտագործումն այլ անձանց կողմից կարող է ձեզ ակամա դարձնել հանցավոր սխեմայի մասնակից։